ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ադդէ Հովասափյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Ալեքսանդրա Քոուլին դեսպան նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Միացյալ Թագավորություն կրթամշակութային կապերի հետագա զարգացման:

Նախարարը հատկապես կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրը՝ որպես միջմշակութային համագործակցությունը խորացնելու նախապայման: Այս համատեքստում կարևորվել 2024 թ. Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը՝ որպես Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դինամիկ և զարգացող համագործակցության մշակութային օրակարգի կարևոր մաս:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ռազմավարական կարևոր ուղղություններով համագործակցությունը՝ հատկապես «Ակադեմիական քաղաք» ծրագրում ակտիվ ներգրավվածության առումով՝ ընդգծելով, որ ծրագրի շրջանակում Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի առաջատար բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ։ Առանձնակի շեշտվել են Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման, ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման և վերապատրաստման գործում:

Նորանշանակ դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաստատել իր պատրաստակամությունը տարբեր ուղղություններով համագործակցությունը խորացնելու գործում:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: