Այսօր հայ կինոյի վարպետ, կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակն է։
Ի նշանավորումն օրվա՝ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում տեղի են ունեցել հոբելյանական միջոցառումներ, որոնց ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հենրիկ Մալյանի դուստր Նարինե Մալյանը, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ իր բացառիկ տաղանդով Հենրիկ Մալյանի արվեստը, անկախ ժամանակից և տարածությունից, կարողանում է հուզել յուրաքանչյուրին: Նա կարևորել է մեծանուն արվեստագետների արժևորումը ոչ միայն հոբելյանական տարվա շրջանակում, այլև մշտապես. «Կարևոր է հիշել մեր անվանի գործիչներին ոչ միայն հոբելյաններին. նրանք պետք է մեզ ուղեկցեն մշտապես՝ մնալով հանրային գիտակցության, էմոցիայի, քննարկումների կարևոր մասը: Դա կլինի ամենամեծ գնահատանքը նրանց վաստակին ու հիշատակին: Մենք կարիք ունենք հանրահռչակելու մեր կինոժառանգությունը՝ սկսած դպրոցական կրթությունից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ վերահաստատելով պետության հանձնառությունը արվեստագետի ժառանգության շարունակականության ապահովման և հանրահռչակման գործում:
Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ տեղեկացնելով, որ ԿԳՄՍՆ աջակցությամբ նախատեսվում է Մալյանի ֆիլմերի վերականգնում ու թվայնացում:
Նարինե Մալյանը շնորհակալություն է հայտնել մեծանուն արվեստագետի հիշատակը պատվելու և վաստակն արժևորելու համար. «Մալյանը հայկական արվեստի, հայ ժողովրդի դեսպանն էր: Նա ուզում էր հային տեսնել իդեալական և ամեն թերություն ցավով էր ընդունում: Կարծում եմ՝ իր արվեստում նրան հաջողվել է ստեղծել այդ իդեալական կերպարը»:
Հոբելյանական երեկոյի շրջանակում կայացել է Հայաստանի կենտրոնական բանկի կողմից թողարկված «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամի հանձնման հանդիսավոր արարողությունը: Այն հանձնել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը:
Ցուցադրվել են նաև Մալյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ և թատերական ներկայացում՝ Մալյան թատրոնի դերասանների կողմից:
Նշենք, որ հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել «Մեծանուն հայեր. Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկի մարում, ինչպես նաև ծաղիկների խոնարհման արարողություն Հենրիկ Մալյանի շիրիմին: