«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի այս տարվա առաջին կանգառն Արտաշատն էր: Օգոստոսի 23-ին քաղաքը միավորվել էր երաժշտության ու տոնական մթնոլորտի շուրջ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նախքան տոնական համերգի մեկնարկը շրջել են Արտաշատում և ծանոթացել տեղական արտադրանքի տոնավաճառին: Քաղաքում գործել են նաև տուրիստական մեքենաներ, որոնք միջոցառման մասնակիցներին տեղափոխել են մարզի տեսարժան վայրեր՝ Խոր Վիրապ, Ազատի ջրամբար և Դվինի հնավայր:
Տոնական օրն ամփոփվել է երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգով, որին ավելի քան 20 հազար հանդիսական է մասնակցել: Համերգն ուղեկցվել է Karen Sevak Band-ի նվագակցությամբ:
«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը՝ Karen Sevak Band-ի նվագակցությամբ:
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:
«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Այն իրականացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը: