ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Նորարար փորձառական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) նախաձեռնությամբ մեկնարկել է «Սթրիթ արտ 2025» փառատոնը։
Բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Ցուցահանդեսում ներկայացված են Փարիզի սթրիթ արտի պատմության 20 խորհրդանշական հեղինակների 25 բնօրինակ աշխատանքներ՝ ստեղծված արվեստանոցում, ինչպես նաև երեք հայ արվեստագետների կողմից տեղում արված (in situ) աշխատանքներ։ Ցուցադրվում են աշխարհահռչակ արվեստագետների՝ Բենքսիի, Բոյի, Կլեի, Դրանի, Էվազե՛Սիրի, Ժակ Վիլլեգլեի, Ժոնկի և այլոց ստեղծագործությունները:
Պաշտոնյաները շրջել են ցուցասրահներում, ծանոթացել աշխատանքներին, հետաքրքրվել դրանց ստեղծման պատմությամբ ու առանձնահատկություններով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանրության շրջանում արվեստի այս ճյուղի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը: Նա հատկապես ընդգծել է դպրոցահասակների մասնակցությունը ցուցադրությանը: «Ավագ դասարաններում ներդրված է «Արվեստ» առարկան, որը հնարավորություն է տալիս դպրոցականների համար ճանաչելի դարձնել արվեստի աշխարհը: Իսկ արվեստի այս ձևը հույզերն արտահայտելու ամենաուղիղ դրսևորումներից է, որը հատկապես հետաքրքիր կլինի ավագ դպրոցականներին»,- ասել է նախարարը՝ հույս հայտնելով, որ դպրոցների հետ ևս նորարար փորձառական արվեստի գաղափարներ կյանքի կկոչվեն:
Ցուցահանդեսի տևողությունը 4 ամիս է:
Փառատոնը ներառում է նաև մի շարք կրթական և հանրային միջոցառումներ, այդ թվում՝ Ապարան քաղաքում մեծածավալ որմնանկարի ստեղծումը:
Միջոցառումների նպատակն է խթանել համայնքային ներգրավվածությունը, խրախուսել ստեղծագործական փոխանակումը և առաջարկել նոր հեռանկարներ Հայաստանի քաղաքային միջավայրի վերաբերյալ։
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
«Սթրիթ Արտ փառատոն 2025»-ն իրականացվում է նաև Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտի աջակցությամբ և ՆԼԼ (NLL), «Արտիստիկ Ռեզո» (Artistik Rezo) կազմակերպությունների հետ համագործակցությամբ: