Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` կրթության և մշակույթի ոլորտներում։

Փաստաթղթերի ստորագրման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության միջև ստորագրվել է մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իրանական կողմից՝ ԻԻՀ հանքարդյունաբերության նախարար Սեյեդ Մոհհամադ Աթաբաքը։

Ստորագրվել է «Հայաստանի ազգային գրադարանի և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային գրադարանի և արխիվի միջև» փոխըմբռնման հուշագիր: Հայկական կողմից հուշագիրը ստորագրել են ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը և ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության միջազգային հարաբերությունների և հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Հոջաթոլլահ Այուբին ստորագրել են «Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև թանգարանային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի տեղակալ, կինեմատոգրաֆիայի, աուդիովիզուալ կազմակերպության նախագահ Ռաեդ Ֆարիդզադեն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Հայաստանի կինոյի հիմնադրամի և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության Կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության միջև կինոփոխանակումների և համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: