Աթենք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բենակի թանգարան։ Թանգարանի ակադեմիական տնօրեն Ջորջ Մանգինիսի ուղեկցությամբ նախարարը շրջել է թանգարանում, ծանոթացել հաստատության գործունեությանը և բացառիկ ցուցադրությանը։

Թանգարանի տնօրենը ներկայացրել է հնագույն ժամանակների ցուցանմուշները, որոնց մեջ առկա են նաև հայկական ծագմամբ խեցեղեն ցուցանմուշներ։

Քննարկվել է Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության, մասնավորապես՝ համատեղ ցուցադրություն կազմակերպելու հնարավորությունը։

Հաջորդաբար հայկական պատվիրակությունն այցելել է Լասկարիդիս հիմնադրամ, որտեղ գլխավոր տնօրեն Կոստանդինոս Մազարակիսի ուղեկցությամբ ծանոթացել է այնտեղ պահվող հնագույն հունական ձեռագրերին։

Ներկայացնելով հին ձեռագրատան գործունեությունը՝ տնօրենը նշել է, որ հաստատությունում նաև հայկական հնագույն ձեռագրեր են պահպանվում։

Այցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման, միջթանգարանային կապերի ամրապնդման, մասնավորապես՝ Հայաստանի պատմության թանգարանի և Մ․ Մաշտոցի անվան մատենադարանի հետ ակտիվ համագործակցության հնարավորությունները։

Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։

Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» ծրագրին։ Նա ընդգծել է, որ միջագային համագործակցության ընդլայնումը ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտի զարգացման հիմնական ուղղություններից է։

Ծանոթանալով Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանի կրթական ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նմանատիպ ֆակուլտետներ են գործում նաև Երևանի պետական համալսարանում։ Կողմերի ընդգծմամբ՝ կարող են երկկողմ համագործակցության միջբուհական ծրագրեր իրականացվել, մասնավորապես՝ աստվածաբանության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, ինչպես նաև այլ ուղղություններով։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է գործընկերային կապերի զարգացումը ԵՄ Erasmus Plus ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի և համատեղ այլ նախաձեռնությունների իրականացմամբ։

Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարանն ընդգրկված է աշխարհի 200 լավագույն համալսարանների ցանկում։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի խորհրդական Արման Անդրիկյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Պատվիրակությանն ուղեկցում է Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։