Կինոյի տանը տեղի է ունեցել «Մշակութային վերջին զանգ» մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև մրցույթին մասնակցած դպրոցների աշակերտները և մանկավարժները։

Միջոցառման շրջանակում հաղթող դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով:

Ողջունելով հաղթողներին՝ ԿԳՄՍ նախարարը նախևառաջ շնորհավորել է մասնակից աշակերտներին կյանքի կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ քննական շրջանը հաջողությամբ է ավարտվել. «Հուսամ՝ քննությունները հանձնել եք ձեզ համար գոհացուցիչ արդյունքներով, իսկ եթե ոչ, մի՛ վհատվեք, որովհետև կյանքի բոլոր դժվարություններից պետք է նաև սովորել․ դրանք սովորելու գործընթացի բաղադրիչ են»։

Կարևորելով «Մշակութային վերջին զանգ» միջոցառումը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել աշակերտներին, ուսուցիչներին ու դպրոցներին՝ ընդգծելով, որ նրանց ջանքերով է նաև կայացել նախաձեռնությունը։

«Այս մրցույթին շուրջ 180 դպրոց է մասնակցել․ կատարված հսկայական աշխատանքը փաստեց, որ նախաձեռնությունը հաջողված է։ Շրջանավարտների համար այն հնարավորություն է՝ ազատ ստեղծագործելու, երևակայությամբ և մտքի թռիչքով արդյունք ստանալու։ Բեմում արտահայտված են նրանց հույզերը, մտքերն ու էմոցիաները, որոնք ցանկանում էինք տեսնել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ «Մշակութային վերջին զանգ» միջոցառմամբ ամփոփվում է նախորդ սեպտեմբերից հայտարարված մշակութային կրթության տարին։

Միջոցառման շրջանակում կազմակերպվել է «Մի անգամ դպրոցում-2» ֆիլմի դիտում, որի ավարտին աշակերտներին ողջունել են ֆիլմի դերասանները։

Նշենք, որ «Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից ու Երևան քաղաքից։