Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն), հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումը, մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» (ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին) օրենքի պահանջներով՝ օտարերկրյա քաղաքացիները ովքեր վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են Հայաստանի Հանրապետությունում, մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով։
Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և լիազոր մարմնի սահմանած այլ որակավորումների համար ՄՈՒՀ ընդունելության պահանջները ներառում են ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների ստուգում (քննություն), իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում։
Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ներկայացնեն Նախարարություն հետևյալ ժամկետներում՝
- վճարովի առկա ուսուցմամբ մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելություն՝ հուլիսի 3-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ,
- վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելություն՝ 2025թ. հուլիսի 3-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ:
Փաստաթղթերը Նախարարություն ներկայացվում են`
- դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից,
- մասնագիտական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության կողմից
- օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
- Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- անձնագրի պատճենը,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- 3x4 չափսի 4 լուսանկար,
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
Դիմորդի կողմից ներկայացվող փաստաթղթերի փաթեթը ոչ ամբողջական կամ թերի լինելու դեպքում դիմորդի փաստաթղթերը չեն ուսումնասիրվելու և ընդունվելու:
Դիմորդը կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը վերոնշյալ կետերով (1-8) պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները պետք է ուղարկեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին։
Գիտելիքների գնահատման ընթացքում դիմորդը, կա՛մ նրա լիազորված անձը, կա՛մ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պարտավոր են Նախարարության էլեկտրոնային հասցեին ուղարկած 1-8-րդ կետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ներկայացնել Նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն:
Համաձայն փաստաթղթերի ներկայացման ժամկետների՝ դիմումներն ու փաստաթղթերը Նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ը, ընդմիջում՝ 13:00-ից մինչև 14:00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարություն՝
- սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.+374 10-599-647)
- արտաքին կապերի բաժին (հեռ.+374 10-599-646)