Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ՝ այսօր անցկացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:
Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա է եղել։«Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի բացմանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ Ավիկ Իսահակյանը, ինչպես նաև իսահակյանական արվեստի բազմաթիվ երկրպագուներ։
Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ Իսահակյանը ներկայացվում է արդի ընկալումների շրջանակում ոչ միայն որպես գրող, այլև հասարակական գործիչ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխություններին։
Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և անհատ բարերարի աջակցությամբ: Թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է ցուցադրության հայեցակարգը և նոր ցուցանմուշները:
Թանգարանում շրջայց են իրականացրել նաև Հայ-հունական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում օտար լեզվի խորացված իմացությամբ» ֆակուլտետում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողները, որոնք ուսումնական պրակտիկա են անցնում թանգարանում:
Միջոցառման շրջանակում թանգարանի հուշային այգում իրականացվել է ինստալացիոն ծրագիր՝ «Հնար» արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: