ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթանալու իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետն ու պաշտոնյաներն այցելել են Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, որտեղ ներկայացվել է դպրոցի նորակառույց մարզադահլիճը: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 224 մլն դրամ։
Հաջորդ կանգառը եղել է Վանաձորի թիվ 8 տնակային մանկապարտեզում, որտեղ ներկայացվել են մանկապարտեզի շենքի կառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի նոր կառուցված 180 տեղ հզորությամբ մանկապարտեզ:
Սպիտակ համայնքում պաշտոնատար անձինք շրջել են նոր կառուցված «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 851 մլն դրամ։
Հաջորդ կանգառը եղել է Գարգառ բնակավայրում, որտեղ ներկայացվել է կրթահամալիրի կառուցման ընթացքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 947 մլն դրամ: Արդյունքում՝ Գարգառը կունենա նոր կրթահամալիր՝ բաղկացած 200 երեխայի համար նախատեսված միջնակարգ դպրոցից և 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզից։ Ծրագիրը մեկնարկել է 2024 թ․, ավարտը նախատեսված է 2026 թ.:
Հաջորդիվ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Ստեփանավանի նորակառույց թիվ 3 հիմնական դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 543 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում։
Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին դպրոցի բացման առիթով և ընդգծել. «Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, օրինական հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, որոնց գեներացրած միջոցների շնորհիվ Կառավարությունն ի վիճակի է եղել կառուցել այս դպրոցը: Ուզում եմ, որ մեր դպրոցները դառնան մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, մեր հանրության լավ ապրելու, բարեկեցության հարթակ»:
Ստեփանավան համայնքում պաշտոնյաները ծանոթացել են թիվ 1 դպրոցի վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 231 մլն դրամ: Վերանորոգվող դպրոցը նախատեսված է 522 աշակերտի համար։ Դպրոցն ընդգրկված է ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների» ծրագրում։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել առաջիկա ամիսներին:
Հաջորդ կանգառը Հագվու նորակառույց միջնակարգ դպրոցում էր. ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 816 մլն դրամ:
Ավելին՝ https://tinyurl.com/yc5sx7af