ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 28-ի N 166-Ա որոշման:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական ծրագրերի առաջարկները: ԿԳՄՍ նախարարություն ներկայացված 5 ծրագրային նախագծերից և 1 բրենդավորման (տարբերանշանի) փաթեթից հանձնաժողովը պետք է ընտրի և հաստատի այն միջոցառումները, որոնք ընդգրկվելու են հոբելյանական միջոցառումների ցանկում:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը:

«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանի կազմակերպումը պահանջում է առանձնահատուկ մոտեցում. առաջնահերթ առաջարկում եմ քննարկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարության առաջարկները»,- ասել է նախարարը:

Ծրագրերը դիտարկելու և քննարկելու նպատակով Ժաննա Անդրեասյանն առաջարկել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղե­կավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին ներկայացրել նախագծերի բովանդակությունը, իսկ տնօրեն Նորայր Նազարյանին՝ ծրագրերի ուղղվածությունն ու աշխարհագրությունը:

Ըստ ներկայացված առաջարկների՝ հոբելյանական ծրագրի շրջանակում Հայաստանում նախատեսվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ երաժիշտների ու դիրիժորների համատեղ համերգներ, հյուրախաղեր եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում, ՀՀ մարզերում: Նվագախմբի տնօրենը նաև տեղեկացրել է, որ առաջարկում են պատրաստել տեսաֆիլմ 100-ամյա նվագախմբի անցած ճանապարհի և այժմյան գործունեության մասին:

Նախարարը, մասնավորապես, կարևորել է միջոցառումների ապակենտրոնացումը՝ ՀԱՖՆ-ի մարզային հյուրախաղերի իրականացումը, ինչպես նաև միջոցառումներին արտերկրից ժամանած անվանի երաժիշտների մասնակցությունը, արտերկրում հայկական երաժշտարվեստի հանրահռչակումը: Կարևորվել են նաև Հանրային հեռուստաընկերության կողմից հոբելյանական համերգի և առանցքային այլ համերգային ծրագրերի տեսանկարահանումը և հեռարձակումը՝ ունկնդիրների հնարավորինս լայն լսարան ապահովելու համար:

Նվագախմբի տնօրենը ներկայացրել է նաև հոբելյանի բրենդավորման տարբերակները, որի վերաբերյալ հանձնաժողովի անդամները հնչեցրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Ծանոթանալով նախագծերին՝ հանձնաժողովի անդամներն առաջարկել են դիտարկել նաև Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում ՀԱՖՆ-ին նվիրված ցուցադրության և հոբելյանական նամականիշի մարման արարողության կազմակերպման հարցը:

Նիստի ավարտին նախարարն առաջարկել է ներկայացված բրենդավորման փաթեթը և հոբելյանական միջոցառումների առաջարկները էլեկտրոնային տարբերակով տրամադրել հանձնաժողովի անդամներին՝ դրանք հանգամանալից ուսումնասիրելու, այնուհետև առաջիկա նիստում ընտրելու և հաստատելու նպատակով: