Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Նրան ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ՝ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Աբովյան բնակավայրն ունի նոր դպրոց՝ 1000 աշակերտ նախագծային հզորությամբ։