Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարարը շրջել են դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին:
Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին։
Նախկին դպրոցի շենքը քանդվել և տեղում հիմնովին կառուցվել է նորը։ Դպրոցն ունի 5 մասնաշենք` ուսումնական, սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին նոր դպրոցում ուսումնական գործընթսց կազմակերպելու առթիվ՝ իր խոսքում անդրադառնալով նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին: