Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանների, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և թամանյանական Երևանի կապի մասին: Նա ընդգծել է, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը նախագծվել է որպես ակադեմիական քաղաք, որովհետև հիմնական ինստիտուցիոնալ կառույցները եղել են կրթական հաստատություններ: Այս համատեքստում վարչապետը խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման կարևորության մասին՝ նշելով, որ նախագծի հիմնական նպատակը կրթական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչների ապահովումն է, ինչն այսօր հնարավոր չէ Երևանի կենտրոնում, քանի որ այն Հայաստանի բոլոր իրադարձությունների կիզակետն է՝ տնտեսական, քաղաքական, սոցիալական, իրավական:

«Ակադեմիական քաղաք» նախագծի համատեքստում վարչապետը խոսել է նաև կրթական գործընթացի տեսանելիության, այսինքն՝ միջազգային կրթական միջավայրի հետ հաղորդակցության, Հայաստանում կրթության որակի և միջազգայնորեն մրցունակ լինելու կարևորության մասին:

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ կրթական համակարգի կարևորագույն խնդիրը ցանկացած ուսանողի՝ իր ընտրած ոլորտում մրցունակ լինելն ապահովելն է, ինչը նույնպես «Ակադեմիական քաղաք» նախագծի հիմնական տրամաբանությունն է:

Անդրադառնալով ակադեմիական քաղաքի կլաստերներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ նախատեսվում է, որ յուրաքանչյուր կլաստեր պետք է ունենա ավագ դպրոց: «Հանրակրթության կարևոր խնդիրներից մեկը մասնագիտական կողմնորոշումն է: Մենք ավագ դպրոցներում շատ ջանք ենք գործադրում, որպեսզի երեխաներին օգնենք մասնագիտական կողմնորոշում ունենալ»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ուսուցիչների վերապատրաստման գործընթացին և նշել, որ ակադեմիական քաղաքի կրթական կլաստերը նաև արդեն գործող ուսուցիչների համար է, որոնք պետք է կրթական տեխնոլոգիաներին անընդհատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան:

Ամփոփելով խոսքը՝ երկրի ղեկավարն անդրադարձել է նաև ակադեմիական քաղաքում նախատեսվող արվեստի, ժամանցային, սպորտային կենտրոններին:

Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերն իր հերթին ներկայացրել է բուհերի խոշորացման իրենց փորձառությունը և «Ակադեմիական քաղաք» ծրագրի հետ նախատեսվող համագործակցության շրջանակը:

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի ծրագրերի ղեկավար Նորբերտ Փախլերը պատասխանել են ներկաների հարցերին: