Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի սեպտեմբերի 19-20-ը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ սփյուռքահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ինքնատիպ ցուցադրությունն աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արվեստագետների հանրահռչակմանն ու Հայաստանում նրանց ճանաչմանն ուղղված կարևոր գործառույթ ունի, որը ձևավորում է նաև մշակույթի բնագավառում շարունակաբար ամրապնդվող համագործակցության ու փոխազդեցության կայուն միջավայր:

«Ինքնության, տարբեր ազգությունների մշակույթի և մարդկային փորձառության թեմաների ուսումնասիրության արդյունքում ձևավորված կերպարների, դիմանկարների շարքը Հայաստանում ցուցադրվում է առաջին անգամ։ Կարծում եմ՝ մերօրյա իրականության արագընթաց ժամանակի մեջ, երբ կոնկրետ պահերի, իրադարձությունների և զգացողությունների վրա կենտրոնանալու քիչ ժամանակ ունենք, նման ցուցադրությունը մեզ հնարավորություն է տալիս դեմքերի բազմությունից նկատել դիմանկարները, էմոցիաները՝ ապրելով և վերապրելով դրանք։ Ցուցադրությունը նաև երկխոսության հնարավորություն է ինքներս մեզ հետ և այն պատկերների, որոնք ցուցադրված են»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանը շնորհակալություն է հայտնել ցուցադրության կազմակերպման և Հայաստանի ազգային պատկերասրահում այն ներկայացնելու համար։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Իմ քայլը» հիմնադրամի և Աթենքի «Քալֆայան» պատկերասրահի համագործակցությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պետական կառույցների ղեկավարներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, արվեստագետներ։

Ցուցահանդեսին ներկայացվել են Ետուարտ Սագաեանի ստեղծած յուրահատուկ դիմանկարները, որոնք ստացել են «Հանդիսատես» անվանումը: Նրա գունագեղ նկարներում տարբեր ինքնության, տարիքի և սեռի մարդիկ պատկերված են կողք կողքի՝ նայելով հանդիսատեսին: Արվեստագետն այդպիսով ցույց է տալիս, որ յուրաքանչյուրը կարող է լինել նկարում պատկերված կերպարի դերում:

Նշենք, որ Ետուարտ Սագաեանը ծնվել է 1957 թվականին Հունաստանում։ Հայկական արմատներով նկարիչը հայտնի է իր յուրահատուկ և տարբերվող ոճով: Նրա աշխատանքներում հաճախ համադրվող աբստրակտ, ֆիգուրատիվ տարրերը նվիրված են ինքնության, տարբեր ազգությունների մշակույթների և մարդկային թեմաների ուսումնասիրությանը:

Ետուարտ Սագաեանը մի շարք մրցանակների, այդ թվում՝ Ալեքսանդրիայի 18-րդ Բիեննալիեի նկարչության մրցանակի դափնեկիր է: