ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 4-5-ը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։

ՀՀ պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, պատվիրակության ղեկավար Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը, այլ անդամներ։

Պատվիրակության անդամների կողմից ներկայացվել են իրենց համակարգման ոլորտներում երեխաների իրավունքների իրացման հետ կապված աշխատանքները։ Արթուր Մարտիրոսյանը, պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին, մասնավորապես անդրադարձել է հանրակրթության բովանդակային բարեփոխումներին՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, մարդու իրավունքների, կլիմայի փոփոխության, գենդերային քաղաքականության հարցերի ներառման տեսանկյունից: Նախարարի տեղակալն այս համատեքստում ներկայացրել է ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական առաջխաղացման ՀՀ պետական քաղաքականությունը, ինչպես նաև դպրոցաշինական ծրագրերի ընթացքը: Նա նաև խոսել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին դեպի կրթություն ուղղորդման գործընթացից, անդրադարձել ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի ապահովման ծրագրերին:

Խոսելով մշակութային կրթության մասին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հանրակրթական նոր չափորոշչով սահմանվել է մշակութային կարողունակությունը, որի նպատակն է նպաստել սովորողների մշակութային և գեղագիտական պատկերացումների ինքնուրույն զարգացմանը և մշակույթին առնչվող այլ հմտությունների ձեռքբերմանը: Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է սովորողների մշակութային կրթության և մշակութային կյանքի մասնակցության ապահովման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող ծրագրերը։ Նա նաև տեղեկացրել է՝ 2024/25 ուսումնական տարին ՀՀ հանակրթական դպրոցներում հայտարարվել է մշակութային կրթության տարի։

Կոմիտեի անդամները բարձր են գնահատել ՀՀ պատվիրակության հետ արդյունավետ քննարկումները, ներկայացրել են մի շարք առաջարկներ, դիտարկումներ՝ հետագա ոլորտային համապարփակ բարեփոխումների ընթացքը սահուն ապահովելու համար։