«Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԿ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցություն է տրամադրվել ծրագրի գործընկեր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջին։
Քոլեջին տրամադրվել է միկրոավտոբուս, քանի որ հաստատությունում ուսումնառում են Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդու տարածաշրջանի և մոտակա այլ համայնքների երիտասարդները, և միջհամայնքային հասարակական տրանսպորտային միջոցի ոչ պատշաճ աշխատանքը խնդիր է առաջացնում՝ համայնքների երիտասարդներին ընդգրկելու քոլեջի ուսումնական գործընթացում: Բացի վերը նշվածից՝ քոլեջի գործընկեր մասնավոր հատվածի կազմակերպությունները մեծամասամբ գտնվում են համայնքներում, հատկապես Տաշիրի տարածաշրջանում, և տրանսպորտային միջոցը կլուծի աշակերտների տեղափոխության խնդիրը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը ներկա է եղել քոլեջում տեխնիկական աջակցության առիթով կազմակերպված միջոցառմանը: Նա կարևորել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համագործակցությունը և ՄԱՎԵՏԱ ծրագրի դերը դուալ մոտեցմամբ կրթական համակարգի ներդրման ու զարգացման գործում։
Քոլեջի անձնակազմին և ուսանողներին, մասնավոր հատվածի գործընկերներին ողջունել է նաև ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը շարունակելու է օրակարգում պահել քոլեջների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և տեխնիկական վերազինման խնդիրները՝ ՄԿՈՒ-ն ու գյուղատնտեսական մասնագիտություններն ուսանողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։
Ելույթներով հանդես են եկել քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը, մասնավոր հատվածի գործընկերներ, ուսանողներ։
ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը և Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանը ստորագրել են հանձնման-ընդունման ակտ, որին հաջորդել է տեխնիկայի հանձնման պաշտոնական արարողությունը։