ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա են եղել հանրապետության մի շարք նորակառույց դպրոցների բացման արարողությանը:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով նրանք շնորհավորել են աշակերտներին, ինչպես նաև ծանոթացել կատարված աշխատանքներին։

Առաջին կանգառը եղել է Երևանի «Հերացի» ավագ դպրոցը: Ուսումնական հաստատության 2019 թ. մեկնարկած շինարարական աշխատանքների համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլրդ դրամ: Կառուցված ավագ դպրոցը նախատեսված է 520 աշակերտի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

Հաջորդ այցը Սյունիքի մարզի Վաղատինի միջնակարգ դպրոցն էր: 2020 թ. մեկնարկած շինարարական ծրագրի արդյունքում կառուցվել է մոդուլային դպրոց, որի համար հատկացվել է ավելի քան 752 մլն 800 հազար դրամ: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով՝ բացառությամբ լաբորատոր գույքից: Այս պահին այնտեղ սովորում է 48 աշակերտ: Վաղատինի միջնակարգ նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար:

Հաջորդ կանգառը Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցն էր: Կիրանցում կառուցվել է մոդուլային դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 737 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, այս պահին այնտեղ սովորում է 36 աշակերտ: Այն ունի նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար: Դպրոցն ապահովված է ամբողջական գույքով:

Կիրանցում ՀՀ վարչապետը և նրան ուղեկցող անձինք ծանոթացել են նաև 19-րդ դարի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքներին:

Վերջին կանգառը եղել է Շիրակի մարզի Կապսի միջնակարգ դպրոցը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 747 մլն դրամ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 100, իսկ նախակրթարանը՝ 20 երեխայի համար: Այն ապահովված է ամբողջական գույքով: Այս պահին այնտեղ սովորում է 52 աշակերտ: