«1124. ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ» ԾՐԱԳՐԻ «11003. ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՍՏԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «1124. Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի «11003. Ոչ պետական մամուլի հրատարակում» միջոցառման շրջանակում 2025 թվականին դրամաշնորհ տրամադրելու նպատակով ընդունում է հայտեր:

Դրամաշնորհ տրվելու է ոչ պետական մամուլի հետևյալ խմբերի նախագծերին.

  • Ազգային փոքրամասնությունների տպագիր և էլեկտրոնային պարբերականներ, (յուրաքանչյուր փոքրամասնությունից ֆինանսավորվելու է 1 պարբերական)
  • Մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ, (այդ թվում՝ մանկապատանեկան)
  • Գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ (այդ թվում՝ մանկապատանեկան)

Դրամաշնորհ ստանալու համար նշված խմբերի պարբերականները կարող են դիմել, եթե իրենց ծրագրերը համապատասխանում են հետևյալ պայմաններին.

Ազգային փոքրամասնությունների տպագիր պարբերականներ.

  1. լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,
  2. ներկայացնելու են ազգային փոքրամասնության արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,
  3. կազմելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգը և ծրագրերը,
  4. ծրագրելու և ներկայացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլերը:

Դրամաշնորհ ստանալու համար գրական և մշակութային տպագիր կամ էլեկտրոնային պարբերականները/այդ թվում՝ մանկապատանեկան պարբերականները/ պետք է ներկայացնեն իրենց նախագծի բովանդակային հայեցակարգն ու տեսլականը: Որպես պարտադիր բաղադրի պետք է.

  • ըստ հրապարակումների ծավալի ապահովեն առնվազն 80% հեղինակային նյութեր,
  • հրապարակեն արվեստագիտական, քննադատական, վերլուծական հոդվածներ,
  • ներկայացնեն դեռևս չհրապարակված, նոր հեղինակների ստեղծագործություններ,
  • ներկայացնեն և իրականացնեն գրագետ գովազդատեղեկատվական արշավ, որը կնպաստի ընթերցողական լսարանի ընդլայնմանը,
  • ունենան իրենց պարբերականի նախագծի բովանդակային հայեցակարգն ու հստակ տեսլականը:
  • մանկապատանեկան պարբերականների պարագայում՝ ունենան տարիքային այս խմբի գեղագիտական ճաշակը ձևավորող, զարգացնող, հարստացնող գործիքակազմեր, մոտեցումներ՝ սկսած բովանդակությունից մինչև ներքին ու արտաքին համապատասխան ձևավորում:

Հայտատուն պետք է ներկայացնի՝

  1. լրացված հայտը (ձևաթուղթը կցվում է),
  2. պարբերականի տարեկան ծախսերի նախահաշիվը (ձևաթուղթը կցվում է),
  3. պարբերականի նախագիծը, որ պետք է ներառի՝
  • պարբերականի ներկա կառուցվածքը՝ ըստ ուղղությունների և բաժինների, զարգացման հայեցակարգը,
  • նյութերի ընտրման հիմնական չափանիշները,
  • տարածման և գովազդատեղեկատվական միջոցառումների եղանակն ու գործիքակազմը:
  • սոցցանցերում և համացանցում դիրքավորման մասին տեղեկությունները,
  1. պարբերականի վերջին երեք համարները` մեկական օրինակ, որոնք ենթակա չեն վերադարձման (տպագիր պարբերականներ),
  2. էլեկտրոնային պարբերականի վերջին հինգ ամիսների դիտումների քանակը,
  3. ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:

Մրցույթին կարող են մասնակցել նաև այնպիսի իրավաբանական անձինք, որոնք ունեն նոր նախագծեր և հայեցակարգ, բայց չունեն լրատվական նախընթաց գործունեություն:

Սույն ծանուցման պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:

Մրցույթն իրականացվում է հետևյալ ժամանակացույցով.

Մրցույթի մեկնարկ՝ 2024 թվականի մայիսի 10

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թվականի հունիսի 15-ը

Մրցույթի արդյունքների հայտարարում՝ 2024 թվականի նոյեմբերի 15

Հայտի փաթեթը պատրաստելու համար խնդրում ենք ծանոթանալ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2025 թվականին դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկի ձևավորման համար անցկացվող մրցույթի կարգին ( կցվում է)։

Հայտի փաթեթը «PDF» ձևաչափով պետք է ուղարկել tatevik.sukiasyan@escs.am

էլեկտրոնային հասցեին՝ «Թեմա» տողում նշելով պարբերականի անվանումը:

2025 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով դրամաշնորհ ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական խորհուրդը:

Հարցերի պարագայում կարող եք զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գրահրատարակչության բաժին +(374) 10 599 697 հեռախոսահամարով: