Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը:

Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն՝ արժևորելով Փարաջանով արվեստագետին և նրա թողած ժառանգությունը։

Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանն աջակցության և ներկաներին՝ մասնակցության համար, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Սերգեյ Փարաջանովը ստեղծագործ հանճարի մարմնացում է, մեծանուն վարպետ, որի ֆիլմերը խորապես հիացնում են ամբողջ աշխարհի հանդիսատեսին և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում»։ ԿԳՄՍ նախարարն առանձնակի արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության պահպանության և մշակութային բազմազանության խրախուսման գործում։

Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Որպես բանախոսներ հանդես են եկել Վալերի Պոզները, Պատրիկ Կազալսը և Լևոն Աբրահամյանը։ Ելույթներում մեկնաբանվել է Փարաջանովի ֆենոմենը՝ արժևորելով նրա ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացնելով Փարաջանով-ազգագրագետին, սցենարիստին և ռեժիսորին: Նրանք ընդգծել են Փարաջանովի հանճարը՝ ԽՍՀՄ-ում նման խորհրդավոր, ազատ և խորը մտածողությամբ ֆիլմ ստեղծելու առումով:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։

Փարիզ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Քե Բրանլի Ժակ-Շիրակ թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի նախագահ Էմանուել Կազարարեուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Քննարկվել են Քե Բրանլի թանգարանում հայկական ցուցանմուշների ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր համագործակցության այլ ձևաչափերի՝ փորձի փոխանակումների, մասնագիտական վերապատրաստումների և գորգերի ցուցադրության կազմակերպման հետ կապված հարցեր։

Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ս. Փարաջանովի թանգարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Անահիտ Միքայելյանի գլխավորությամբ, «Նռան գույնը» ֆիլմի դերակատար Լևոն Աբրահամյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։