Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 21-ին պաշտոնապես մեկնարկեցին Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Ազնավուր ընտանիքի անդամներ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նախագահ Վահագն Խաչատուրյանը.

«Այսօր մեկնարկում են ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումները: Պատահական չէ, որ այդ մեկնարկը տրվում է հենց Հանրապետության նախագահի նստավայրից, քանի որ Ազնավուրը ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զավակն էր, այլև Հայաստանի Հանրապետության մեծ բարեկամը և մեր երկրի դեսպանը:

Աշխարհում յուրաքանչյուր հայ ունի իր Շառլին՝ որպես իր ամենասիրելի շանսոնյեի, որպես տաղանդավոր դերասանի, որպես երգահանի, որպես մեծագույն բարերարի, և այս շարքը շատ երկար կարելի է թվարկել:

Ազնավուրի ստեղծագործությունն արվեստի անվերջ աշխարհ է իր ամբողջ գույներով, հնչյուններով, բառերով: Դրանով էլ պայմանավորված՝ անհնար է գնահատել Շառլ Ազնավուրի ներդրումը, համարձակվում եմ ասել, համաշխարհային մշակույթի գանձապնակում, որովհետև իր հարուստ ստեղծագործական կյանքի ընթացքում նա կերտել է անմահ արժեքներ բոլոր այն բնագավառներում, որտեղ գործել է»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում , շեշտել է, որ մեծանուն հայը Ֆրանսիայում և Հայաստանում համախմբել է բոլորին. «Իր պատկառելի վաստակով Ազնավուրը վաղուց ի վեր դասվել է աշխարհահռչակ արվեստագետների շարքին: Պատահական չէ, որ տարբեր տարիներին, «CNN»-ը և «Times»-ը Ազնավուրին հայտարարել են «Դարի արտիստ», Ֆրանսիան հռչակել է «Ֆրանսիական երգի հայր», իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն՝«Բարի կամքի դեսպան»։

Եթե փորձենք մտովի անցնել մեր Մեծ հայրենակցի անցած ուղին, ապա այն կարող է վերածվել մի հրաշալի ֆիլմի՝ լուսավոր և լի սիրով, մարդասիրությամբ ու տքնաջան աշխատանքով։

Նրա պատկառելի կերպարը, համոզված եմ, օրինակելի է դարձել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց համար, ովքեր փորձել են նմանվել Ազնավուրի երգերի կամ ֆիլմերի հերոսներին։

Մեզ՝ հայերիս համար, նա նաև Հայրենիքը սիրելու և նվիրումով ծառայելու լավագույն օրինակ է»։

Նշենք, որ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկի շրջանակում Հայաստանում և նրա սահմաններից դուրս տեղի են ունենալու են բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ: