Միջազգային տարբեր բուհերի 16 ճարտարապետ ուսանողներ այս օրերին Համբուրգում մասնակցում են Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի կազմակերպած երեքշաբաթյա աշխատաժողովին։ Մասնակիցների թվում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի չորս ուսանող:

Ուսանողներն աշխատում են Համբուրգի Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի ստուդիաներում։ Դասընթացն ընթանում է չորս աշխատանքային խմբերի ձևաչափով. յուրաքանչյուր խմբում ներառված է մեկ ուսանող ՀՀ-ից։

Համբուրգում ընթացող ուսանողական աշխատաժողովը Երևանում տեղի ունեցած աշխատաժողովի շարունակությունն է, որը կենտրոնացած է Հայֆիլմի համար նոր լուծումներ մշակելու վրա՝ ներառելով լսարանային և գործնական աշխատանք։ Այն ուղղված է գաղափարների գեներացմանը, հայեցակարգի մշակմանը և վերջինիս ձևակերպմանը ճարտարապետական էսքիզային տարբերակների ստեղծման նպատակով:

Գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիան անդրադարձել է Հայաստան կատարած այցին, որի ընթացքում տեղի է ունեցել «Երազելու քաղաք. նոր լուծումներ Հայֆիլմի համար» աշխատաժողովը. «Ոգեշնչված այս ուսումնասիրություններից՝ մենք մասնակիցներին խնդրեցինք արտահայտել իրենց անհատական դիզայներական մտքերը՝ առաջնորդվելով «Ի՞նչ կցանկանաք, որ մարդիկ ապագայում հիշեն «Երազելու քաղաք»-ի մասին» հարցով: Արդյունքների մի մասը կարելի է տեսնել խմբերից մեկի՝ Լեոն Կրեմերի, Լյուսի Միլիչամպի, Քիքսուան Հուի, Կատարինա Նիսինգի, Մարահ Դոլեհի և Մելանյա Հակոբյանի ստեղծած պատկերներում»,- նշված է ակադեմիայի անդրադարձում:

Նշենք, որ Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի դասախոսները, gmp գործընկերները և հրավիրված միջազգային հայտնի ճարտարապետները հանդիպումներ են ունենում ուսանողների հետ` քննարկելով նախագծմանն առնչվող նրանց առաջարկները: Դասընթացը կամփոփվի մարտի 22-ին։