Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Քառյակը, մինչ «Ավետիս» անվամբ հանդես գալը, արդեն մի քանի տարի երաժշտական գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Խմբի անդամների նպատակն է ձևավորել համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխանող լարային քառյակ, որը կներկայացնի ժանրի լավագույն ստեղծագործությունները:

Քառյակը գործունեություն է իրականացնում նաև Հայաստանի մարզերում, ինչպես նաև մեծ ուշադրություն հատկացնում կրթական ծրագրերին՝ որպես հանդիսատես ներգրավելով դպրոցականների:

Ողջունելով նորաստեղծ խմբի գործունեությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ կամերային ժանրի զարգացմանը միտված մասնավոր նախաձեռնությունները համահունչ են պետության որդեգրած մշակութային քաղաքականությանը. «Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են հատկապես կամերային ժանրի տարածումը երիտասարդների և պատանիների շրջանում խրախուսելու առումով: Այս իմաստով քառյակի գործունությունը կարող է դրական օրինակ լինել: Հույս ունեմ, որ քառյակի համերգացանկում հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու նաև մոռացված և նորաստեղծ ստեղծագործությունների բարձրորակ կատարումներ»,- նշել է նախարարի տեղակալը:

Նշենք, որ մայիսին «Ավետիս» լարային քառյակը կմասնակցի Իտալիայի Մանտովա քաղաքի ամենամյա “Trame Sonore” հեղինակավոր փառատոնին: