Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել սովորողների շրջանում. հրապարակված մրցութային 7 հարցերի մեկնաբանություններում գրվել է ավելի քան 4000 պատասխան:

Հունվարի 15-21-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել են Պարույր Սևակի կյանքին, ստեղծագործությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, և համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն): Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած 7 մասնակցին.

  • ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Չոբանյան,
  • ՀՀ Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանե Ներկարարյան,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հմ. 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կռոյան,
  • ՀՀ Արարատի մարզի Գետազատի Ն. Մանասերյանի անվան միջնակարգ դպրոցի 12֊րդ դասարանի աշակերտուհի Մարուշ Մանուկյան,
  • Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Աստվածատրյան,
  • ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Չոբանյան,
  • Երևանի հմ. 112 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Քարայան:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության սոցիալական հարթակներում նախատեսված են նմանատիպ այլ մրցույթներ ևս՝ նշանավոր անձանց հոբելյանների և կարևոր իրադարձությունների շրջանակում: