Այս տարի լրանում է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Պարույր Սևակի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն գրողի, նրա ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

Մրցույթի պայմաններն ու կանոններն են.

  • հունվարի 15-ից 21-ը ներառյալ՝ ժամը 20:00-ին, ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/minESCSarm) կհրապարակվեն Պարույր Սևակի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր,
  • այն սովորողը, որն առաջինը մեկնաբանությունների հատվածում կտեղադրի օրվա հարցի ճիշտ պատասխանը, կհամարվի հաղթող,
  • պատասխանը պետք է գրել հայատառ,
  • պետք է գրել ֆեյսբուքյան անձնական էջից,
  • արդեն իսկ հրապարակված տարբերակը ենթակա չէ խմբագրման, լրացման, փոփոխման,
  • հրապարակված պատասխանում պետք է գրել նաև անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն,
  • նշված կանոններին ու պայմաններին չհամապատասխանող պատասխանները չեն դիտարկվելու:

Օրվա հաղթողի անունը կհրապարակվի հաջորդ օրը՝ հարցի հետ զուգահեռ (ԿԳՄՍՆ ինստագրամյան էջում min.escs.arm):

Մրցույթը կամփոփվի բանաստեղծի ծննդյան օրը՝ հունվարի 24-ին: Հաղթողները կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պարույր Սևակի տուն-թանգարանի խրախուսական նվերներով: