ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բացառիկ համերգով հանդես է եկել Իտալիայի Պորդենոնե քաղաքի «Վերդիի» անվան թատրոնում:
Համերգը նվիրված էր Լեռների համաշխարհային օրվան, որը մեծ շուքով է նշվում Իտալիայում:
Համերգը կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի զբոսաշրջության նախարարության, Պորդենոնեի քաղաքապետարանի, Վենետիկի հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի համագործակցությամբ:
Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայի խորհրդարանի հետ կապերի հարցերով նախարար Լուկա Չիրիանին, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Ֆրիուլի Վենեցիա Ջուլիայի իտալական ալպիական ակումբի (CAI, Club Alpino Italia) փոխնախագահ Անտոնիակոմի Էլվիոն, Պորդենոնեի թատրոնի Վերդիի տնօրենների խորհրդի նախագահ Ջովանի Լեսիոն։
«Արարատից՝ Ալպեր» խորագիրը կրող համերգին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել է Ջան Ֆրանչեսկո Մալիպիերոյի «Հայաստան» սիմֆոնիկ պիեսը՝ նվիրված կոմպոզիտորի հայ ընկերոջը, որը գրվել է Հայոց ցեղասպանությունից երկու տարի անց՝ 1917 թվականին: Հնչել են նաև Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Ռիխարդ Շտրաուսի մեծակտավ «Ալպիական սիմֆոնիան», որն առաջին անգամ էր կատարվում այդ հեղինակավոր թատրոնում: Որպես բիս հնչել է Շտրաուսի «Չորս վերջին երգերից» երրորդ երգը՝ «Երբ քուն ես մտնում» ("Beim Schlafengehen")՝ միջազգային մեծ համբավ վայելող հայազգի սոպրանո Հրաչուհի Բասենցի կատարմամբ:
Հեղինակավոր երաժշտաքննադատ Կլաուդիո Բոլզանը La Rivista Musica Classica պարբերականում «Արարատից՝ Ալպեր» համերգը բնութագրում է՝ մշակութային նշանակալից մեծ իրադարձություն՝ http://tinyurl.com/mubk72ws:
Պարբերականում մասնավորապես նշվել է, որ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի Անուշ Նիկողոսյանի կատարումը քննադատը որակել է բացառիկ. «Նա մեծ վարպետությամբ կատարեց Կոնցերտի բարդագույն հատվածները՝ պահպանելով անհրաժեշտ ռիթմիկ կտրուկ շեշտադրումները: Նրա Գվադանինիի (1753 թ.) ջութակի բյուրեղյա մաքուր ու պարուրող հնչողությունը կյանքի էր կոչում ջութակի ու նվագախմբի վառ երկխոսությունը, որը շատ ազդեցիկ էր»:
Էդուարդ Թոփչյանի «Ալպիական սիմֆոնիա»-ի մեկնաբանությունը ըստ Բոլզանի տպավորիչ որմնանկար է՝ հրաշալի ուրվագծված Թոփչյանի ձեռքով, որտեղ դիրիժորը մեծ ուշադրություն էր ընձեռել անգամ ամենափոքր դետալներին. «Անհավանական ձայնային զորությամբ այս ստեղծագործության անսպառ էներգիան համադրված էր նվագախմբի մեծաթիվ խմբերի (մոտ 120 երաժիշտ) անթերի համախմբված հնչողության հետ, որտեղ փողային խումբն արժանի է հատուկ հիացմունքի»: