ԿԳՄՍ նախարարության կողմից հավաքագրվել է ՀՀ մարզերում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ուսուցիչների թափուր հաստիքները, որոնք զբաղեցնելու համար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են դիմել արտամրցութային կարգով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արդեն գործարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ ըստ քայլերի հաջորդականության ներկայացված է, թե ուսուցիչները ինչպես պետք է ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում գրանցվեն և հայտ ներկայացնեն: Հարթակի գործարկման պահին ուսուցիչների թափուր հաստիքների թիվը կազմել է 1422. հոկտեմբերի 17-ի դրությամբ այդ թիվը նվազել է՝ 1385:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ թափուր հաստիքներ են առկա գրեթե բոլոր առարկաներից:
«Մենք մշտապես խոսում ենք այն մասին, որ բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների մեծ բաց ունենք, բայց դատելով հավաքագրված բազայից՝ այնպես չէ, որ միայն բնագիտական առարկաներից են թափուր հաստիքները: Գրեթե բոլոր առարկաների մասով առկա են թափուր հաստիքներ, և բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչներն էլ հնարավորություն կունենան ընտրելու իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք: Իհարկե, կան թափուր հաստիքներ, որտեղ դասաժամերի քանակը քիչ է, բայց ԿՏԱԿ-ի հարթակում տեղադրված է մանրամասն տեղեկատվություն, թե որ դպրոցում որ առարկայից կա թափուր հաստիք, քանի դասաժամով և որքան կկազմի աշխատավարձը տվյալ ժամաքանակով աշխատելու պարագայում: Դիմողը կարող է ուսումնասիրել ու հասկանալ՝ իրեն որքանով է հարմար այդ աշխատանքը»,- պարզաբանում է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներից դիմումներ է ստացել, հավաքագրվել են նրանց տվյալները, և ստեղծվել է բազա. «Մեր ունեցած տեղեկություններով՝ ԼՂ-ում աշխատում էին շուրջ 1500 ուսուցիչներ: Ունենք տեղեկատվություն, որ հանրապետության տարբեր մարզերում շուրջ 100 ուսուցիչներ` նախքան օժանդակության ծրագրի հաստատումը, իրենց նախաձեռնությամբ արդեն դիմել էին իրենց բնակավայրերի դպրոցներ և անցել աշխատանքի»:
Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է նաև, որ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:
Հիշեցնենք՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու է հանդիսանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխանող այն անձը, որը ցանկություն ունի աշխատելու ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։
Մարզերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում որևէ առարկայից ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում, սահմանված կարգով ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմող չլինելու կամ մրցույթը չկայանալու պարագայում, ծրագրի շահառու հանդիսացող անձինք կարող են ներգրավվել այդ հաստատություններում՝ որպես ուսուցիչ:
Այս սկզբունքով շահառուների պայմանագրի ժամկետ է սահմանվում պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը։ Եթե շահառուն երկու անգամ չեղարկում է ներկայացված դիմումը, նա այլևս առաջնահերթության իրավունք չի ունենում: Ընդ որում՝ ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում է ծրագրից կրկին օգտվելու իրավունքից։