Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ:

Հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում աշխատանքի անցնելիս ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, իսկ որոշ մարզերի՝ Սյունիքի, Վայոց Ձորի հանրակրթական ուսհաստատություններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան և Բերդ համայնքներում աշխատանքի անցնելու դեպքում 30 տոկոս հավելավճարից բացի կունենան նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար:

Ինչպե՞ս պետք է ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում գրանցվեն և հայտ ներկայացնեն Արցախից բռնի տեղահանված ուսուցիչները

Քայլ 1․ Համակարգի (https://kadrer.emis.am) գլխավոր էջում սեղմեք «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների գրանցում» կոճակը (Նկար 1):

Կբացվի նոր էջ, որտեղ հնարավոր է իրականացնել գրանցումը (Նկար 2)։

Քայլ 2․ Մուտքագրեք պահանջվող բոլոր տվյալները՝ անուն, ազգանուն, էլ․փոստի հասցե, հեռախոսահամար, գաղտնաբառ, թռչնանշան դրեք «Ես ռոբոտ չեմ» դաշտում ու սեղմեք «Գրանցում» կոճակը (Նկար 3)։

Բջջային հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել առանց +374 կոդի և առանց 0-ի։ Գաղտնաբառը պետք է պարունակի նվազագույնը ութ նիշ, առնվազն մեկ մեծատառ, մեկ փոքրատառ, մեկ թիվ և մեկ հատուկ նիշ (@$!%*?&):

Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ հաշիվն ակտիվացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ձեր էլ․ փոստի հասցե (Նկար 4)։

Քայլ 3․ Մուտք գործեք այն էլ․փոստ, որի հասցեն գրանցել եք համակարգում։ Մուտքային հաղորդագրությունների մեջ կտեսնեք Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից ստացված նամակը։ Սեղմեք «այստեղ» հղումով տեքստի վրա (Նկար 5):

(Նամակը չգտնելու դեպքում այն փնտրեք նաև spam դաշտում)

Էկրանին կպատկերվի հաղորդագրություն այն մասին, որ Ձեր հաշիվն ակտիվացված է (Նկար 6)։

Քայլ 4․ Ձեր հաշիվ մուտք գործելու համար սեղմեք «Մուտք համակարգ» կոճակը (Նկար 7): Լրացրեք Ձեր ՀԾՀ-ն կամ էլ․փոստը, գաղտնաբառը, թռչնանշան դրեք «Ես ռոբոտ չեմ» դաշտում և սեղմեք «Մուտք» կոճակը (Նկար 7)

Կբացվի նոր էջ, որտեղ անհրաժեշտ է մուտքագրել Ձեր էլ․փոստին ստացված մեկանգամյա ծածկագիրն ու սեղմել «Ստուգել» կոճակը (Նկար 8)։

Այնուհետև կբացվի Ձեր անձնական էջը (Նկար 9), որտեղ կերևան անձնական տվյալներ, կցված փաստաթղթեր, հետագայում նաև ներկայացված հայտեր։

Քայլ 5․ «Կառավարման վահանակ» դաշտում ընտրեք «Իմ էջը»։ Կերևան Ձեր էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը։ Այս էջում (Նկար 10) կարող եք կցել նաև փաստաթղթեր։

Քայլ 6․ «Իմ էջը» դաշտում փաստաթուղթ կցելու համար անհրաժեշտ է սեղմել «Տեղադրել» կոճակը, այնուհետև Ձեր համակարգչից ներբեռնել անհրաժեշտ փաստաթուղթը (Նկար 10)։

Անձնական էջում հնարավոր է կցել հետևյալ փաստաթղթերը՝

  • Բարձրագույն կրթության դիպլոմի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը,
  • Ինքնակենսագրություն,
  • Բնութագիր նախկին աշխատավայրից (առկայության դեպքում),
  • Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթեր (դիմումատուի ցանկությամբ)։

Քայլ 7․ Ձեր անձնական էջից մուտք գործեք kadrer.emis.am հարթակ (Նկար 11)։

Քայլ 8․ Ծանոթացեք ներկայացված թափուր հաստիքներին (Նկար 12)։ Սեղմելով «Դիտել» կոճակը՝ կարող եք տեսնել այն բոլոր պահանջները, որոնց պետք է բավարարեք դիմելու համար։

Քայլ 9․ Սեղմեք «Դիմել հայտ» կոճակը (Նկար 13)։ Ձեր հայտն ուղարկված է։ Այն կարող եք գտնել նաև կառավարման վահանակի «Իմ հայտերը» ենթաբաժնում (Նկար 14)։

Քայլ 10․ Արդեն իսկ ներկայացված հայտը չեղարկելու համար պետք է սեղմեք «Չեղարկել» կոճակը (Նկար 14)։ 10 օրվա ընթացքում հայտը չեղարկելու պարագայում կարող եք նոր հայտ ուղարկել։ Այդ հայտի գրանցման պահից հաշված ևս 10 օրվա ընթացքում կարող եք կատարել ևս մեկ չեղարկում։ Երրորդ անգամ հայտը չեղարկել համակարգը թույլ չի տա։

Մեկից ավելի հայտ ներկայացնել չեք կարող։

Քայլ 11․ Հետևեք հայտի ընթացքին «Իմ հայտեր» ենթաբաժնում։ Ձեր հայտն ընդունելու կամ մերժելու իրավասությունը վերապահված է ԿԳՄՍ նախարարությանը։

Մերժման պարագայում հայտի կողքին կպատկերվի «Չեղարկված է ադմինիստրատորի կողմից» (Նկար 15) հաղորդագրությունը։

Եթե հայտը հաստատվի, նույն տեղում կտեսնեք «Ընդունված աշխատանքի» հաղորդագրությունը։