Ոչ միայն բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերում, այլ նաև քաղաքային համայնքների որոշ դպրոցներում առկա է ուսուցիչների համալրման խնդիր, և որոշ առարկաների դասավանդման անհնարինության արդյունքում խախտվում է երեխաների կրթության իրավունքը: Ուստի, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դպրոցում աշխատելու հնարավորություն է տրվել բարձրագույն կրթություն ստացած այն մասնագետներին, որոնք չունեն մանկավարժի որակավորում, սակայն ձեռք բերած 30 կրեդիտների շնորհիվ հնարավորություն կստանան դասավանդել դպրոցներում։

Այսպիսով, եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության (կազմակերպությունների), այդ թվում՝ բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:

ԿԳՄՍ նախարարի հրամաններով մանկավարժի որակավորում չունեցող անձանց առնվազն 30 կրեդիտ տրամադրելու նպատակով մինչ այժմ երաշխավորվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Գորիսի պետական համալսարանի մշակած ծրագրերը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հունիսի 29-ի թիվ 971-Ա/2 հրամանով այդ նպատակով գործածության են երաշխավորվել նաև Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ներկայացրած 30 կրեդիտի շնորհման միջոցով մանկավարժի հավաստագրման դասընթացի մոդուլները:

Իրականացվող դասընթացները և հատկացվող կրեդիտներն են՝

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը մասնագիտական ոլորտում (3 կրեդիտ - 20 ժամ՝ լսարանային, 70 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Մանկավարժություն և տարիքային զարգացման հոգեբանություն (10 կրեդիտ - 50 ժամ՝ լսարանային, 250 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Մանկավարժություն (20 ժամ -6 կրեդիտ), Տարիքային զարգացման հոգեբանություն (6 ժամ - 1 կրեդիտ), Գնահատում (8 ժամ - 1 կրեդիտ), Ներառական կրթություն (6ժամ - 1 կրեդիտ), 21-րդ դարի հմտություններ (10 ժամ-1 կրեդիտ),
Մասնագիտական զարգացում՝ դասավանդման մեթոդիկա (10 կրեդիտ - 40 ժամ՝ լսարանային, 260 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Հանրակրթության բնագավառի օրենսդրություն (1 կրեդիտ - 5 ժամ՝ լսարանային, 25 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Հետազոտական աշխատանք (3 կրեդիտ - 5 ժամ՝ լսարանային, 85 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային)
Մանկավարժական պրակտիկա (3 կրեդիտ՝ 20 ժամ՝ լսարանային, 70 ժամ՝ ինքնուրույն և արտալսարանային):