Հունիսի 27-28-ը Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի կունենան Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում ընդգրկված ծրագրի շրջանակում:

Միջոցառումներին կմասնակցի ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ:

Հունիսի 27-ին կկայանա Ներսես Շնորհալուն նվիրված գիտաժողովը: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ընթերցվելու է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: Գիտաժողովի հիմնական զեկուցողը հայագետ Ժան-Պիեր Մահեն է: Զեկույցներով հանդես կգան «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Մայր Աթոռի ներկայացուցիչները:

Գիտաժողովին ներկա կգտնվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մշակույթի ոլորտը համակարգող պաշտոնյաներ, Ֆրանսիայի գիտական հանրության և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Գիտաժողովին զուգահեռ, նույն օրը՝ հունիսի 27-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կբացվի Ներսես Շնորհալուն նվիրված ցուցադրությունը: Հանդիսավոր բացմանը ներկա կլինի և ելույթով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ցուցադրության ընթացքում ներկայացվելու են Ներսես Շնորհալու գրավոր ժառանգությունը՝ լուսապատճենների տեսքով: Ներկայացվելու է 12 մեծ ցուցապաստառ՝ անգլերեն և ֆրանսերեն ենթագրերով: Ցուցահանդեսը այցելուների համար կգործի հունիսի 26-ից հուլիսի 3-ը:

Հունիսի 28-ին տեղի կունենա համերգ, որտեղ ելույթ կունենա Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգը՝ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի նշանավորման շրջանակում:

«Հովեր» պետական կամերային երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են թեմատիկ բովանդակությամբ կատարումներ՝ այդ թվում՝ Սբ. Ներսես Շնորհալու, Կոմիտասի (հոգևոր և աշխարհիկ), Էդուարդ Միրզոյանի, Վաչե Շարաֆյանի, Արթուր Ավանեսովի, Վոլֆրամ Բուխենբերգի ստեղծագործությունները և մեկ բուզանդական շարական։ Համերգը կղեկավարեն Սոնա Հովհաննիսյանը և Նարինե Ոսկանյանը։

Համերգային ծրագիրը կզուգակցվի կատարումներից յուրաքանչյուրի համար ստեղծված հատուկ տեսապատկերային բովանդակությամբ։ Համերգին ներկա են գտնվելու հավատարմագրված դեսպաններ, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հյուրեր: