ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիա և Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Լիտվայի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, ԿԳՄՍՆ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակների և Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչները։

Ճանաչողական այցն ուղղված է ՀՀ երիտասարդների կարիքներից բխող և միջազգային չափանիշներին համապատասխանող «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման շրջանակում լիտվական փորձի ուսումնասիրմանը։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակության անդամները հանդիպել են Լիտվայի խորհրդարանի Երիտասարդության և սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիրգիլիուս Ալեկնայի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Եվրոպական հարցերի կոմիտեի նախագահի տեղակալ, Արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Մարիուս Մատիյոշայտիսը, Երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի այլ անդամներ:

Կողմերն անդրադարձել են օրենսդրության ոլորտում լիտվական փորձին, երիտասարդական ենթակառուցվածքների գործունեությանը, երիտասարդների կյանքի որակի վրա պետական քաղաքականության ազդեցությանը: Հայկական կողմին հատկապես հետաքրքրել է երիտասարդական քաղաքականության ոլորտում պետության՝ ի դեմս նաև օրենսդիր մարմնի և քաղաքացիական հասարակություն կապը, ինչպես նաև լիտվական կառավարության կողմից երիտասարդներին ուղղված ծրագրերը և ոլորտում ներկայում ընթացքի մեջ գտնվող օրենսդրական նախաձեռնությունները։

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Լիտվայի սոցիալական ապահովության և աշխատանքի փոխնախարար Վիլմա Օգիենեյի, Երիտասարդության հարցերի գործակալության ղեկավար Ջոնաս Լանիաուսկասի, Լիտվայի երիտասարդական խորհրդի, լիտվական երիտասարդական գործակալության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սպորտի և երիտասարդության ոլորտներում հայ-լիտվական համագործակցության շրջանակի ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու երկու երկրների միջև հարաբերությունները:

Այցի ֆինանսավորումը կատարվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից: