1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի՝ «ԻԿՕՄ» առաջարկով: Հայաստանն արդեն 4 տասնամյակ այս նախաձեռնության ակտիվ մասնակիցն է: Այս տարի օրվա խորագիրն է՝ «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն», որը ևս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների դերը կայուն և բարեկեցիկ հասարակության ձևավորման գործում:

2005 թվականից Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իրականացվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որին Հայաստանը միացել է մեկնարկային տարում:

Այս տարի ծրագրին միացել է 116 թանգարան՝ Հայաստանից և Արցախից, որոնք 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով բաց կլինեն հասարակության առջև:

Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Ավ. Իսահակյանի տուն թանգարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Ասուլիսի մյուս բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմենուհի Ավետիսյանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը:

Մշակութային տոն թանգարաններում

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախ և առաջ շնորհավորել է թանգարանային ոլորտի մասնագետներին՝ մաղթելով ստեղծագործական բեղուն գործունեություն և մասնագիտական նոր վերելքներ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ թանգարանային օրվա միջոցառումները վերածվել են մշակութային տոնի, որի վառ վկայությունն են տարեցտարի ավելացող թանգարանային այցելուները. «2022 թվականին ծրագրի շրջանակում 2 օրերի ընթացքում թանգարաններն ունեցել ավելի քան 125.000 այցելու: Առհասարակ, 2022 թվականն ուղենիշային էր թանգարանների ոլորտի համար: Իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, կազմակերպվել են միջոցառումներ, գրանցվել է աննախադեպ այցելություն նախորդ տարիների համեմատ: 2022 թվականին նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել շուրջ 1 մլն 78.000 այցելու, թանգարանային ֆոնդը համալրվել է շուրջ 17 000 թանգարանային առարկայով, իրականացվել են 225 ժամանակավոր ցուցահանդես, 2713 գիտակրթական ծրագրեր և 658 միջոցառում, որոնցում ներգրավված են եղել տարբեր տարիքային, սոցիալական, այդ թվում՝ խոցելի խմբերի ներկայացուցիչներ: Նրանք հնարավորություն են ունեցել ոչ ֆորմալ կրթությամբ ստանալու արվեստաբանական և ժողովրդական արհեստների գիտելիքներ ու հմտություններ»:

Նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում նախարարության ենթակայության թանգարաններն ունեցել են շուրջ 116.000 այցելու, կազմակերպվել է ավելի քան 50 ժամանակավոր ցուցահանդես:

Նորոգման աշխատանքներ են ընթանում

Անդրադառնալով թանգարանների կապիտալ վերանորոգման հարցին՝ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ շարունակվել են «Հայաստանի պատմության թանգարան» և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ների վերանորոգման և ժամանակակից տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքները: Այս տարի կմեկնարկեն վերանորոգման աշխատանքներ Թումանյանի թանգարանում, ինչպես նաև կիրականացվեն տարբեր ներդրումային ծրագրեր:

Միասնական տոմսային հարթակ է ներդրվելու

«Մշակում ենք կառավարման նոր մոդել, որը միտված կլինի թանգարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը. թափանցիկությունն ապահովելու համար ամփոփում ենք մեկ միասնական տոմսային հարթակի ներդրման աշխատանքները: Մշակութային կրթության և թանգարան-դպրոց համագործակցության ամրապնդման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով 2023 թվականի մայիսի 1-ից նախարարության համակարգի թանգարաններում մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է: Միաժամանակ, տեղացի և օտարերկրյա այցելուների համար թանգարաններ այցն ավելի հարմարավետ դարձնելու զբոսաշրջային ակտիվ սեզոնին նախարարության համակարգի թանգարաններն աշխատում են ճկուն գրաֆիկով»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը:

Խոսելով ոլորտի մասին՝ Ալֆրեդ Քոչարյանը մատնանշել է թանգարանների վերանորոգման, տեխնիկական հագեցվածության, ոլորտի մասնագետների աշխատավարձերի բարձրացման խնդիրները: Նրա ընդգծմամբ՝ լուծումներ պահանջող խնդիրները բազմաթիվ են, և նախարարությունն անդրադառնալու է բոլոր հարցերին՝ ըստ առաջնահերթության:

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը տոնում է 65-ամյակը

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Արմենուհի Ավետիսյանը ներկայացրել է թանգարանում իրականացվելիք ծրագրերը՝ տեղեկացնելով, որ կազմակերպվում է ցուցահանդես Իսահակյանի ճամփորդական իրերի ներկայացմամբ, ստեղծվելու է գեղեցիկ միջավայր, որպեսզի այցելուները կարողանան նաև հետաքրքիր լուսանկարներ ստանալ: Իրականացնելու են «Խաղաղություն ենք փնտրում» խորագրով համերգը՝ նախատեսված փոքրիկների համար, մոնոներկայացում՝ Իսահակյանի ստեղծագործությունների հիման վրա, դասական երաժշտության համերգ, կիթառի համերգ և այլն:

«Տուն-թանգարանը, որը քաղաքի ակտիվ մշակութային օջախներից է, 2023 թվականին տոնում է հիմնադրման 65-ամյակը, նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ընդառաջ: Ամբողջ տարվա ընթացքում իրականացրել ենք բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, կրթական և այլ ծրագրեր, որոնց մասնակցել են ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները: Կյանքի կկոչվի «Ի՞նչ է ասում էպոսը» ծրագիրը, առակներին, ազգային երգին, Անի մայրաքաղաքին նվիրված կրթական ծրագրեր ենք իրականացնում և այլն»,-նշել է թանգարանի տնօրենը:

Կկազմակերպվի «Ծիրանափողի կանչը» ծրագիրը

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը նույնպես ներկայացրել է թանգարանում առկա գործընթացները. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 13-ին թանգարանում կկազմակերպվի «Ծիրանափողի կանչը» ծրագիրը, որին մասնակցելու են ստեղծագործական խմբեր, ծիրանափողի պատրաստման մասնագետներ: Ցուցադրությամբ կներկայացվեն նաև թանգարանում պահպանվող 1200 արծաթյա և ոսկյա հիմքով գոտիներ, որոնք ներկայացնում են հայկական մշակույթի և ինքնության գաղափարը»:

Պարգևատրվել են ոլորտի երախտավորները

Մամուլի ասուլիսից հետո թանգարանների մի շարք աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով: Պարգևները հանձնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Վարչության պետը նույնպես շնորհավորել է ոլորտի երախտավորներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ և բազում տարիների ստեղծագործական բուռն գործունեություն: