ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնը, որն այս տարի նվիրված է մեծանուն լեհ կոմպոզիտոր Ֆշիշտոֆ Պենդերեցկու 90-ամյակին։ Բացման համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կոմպոզիտորի այրին՝ Էլժբետա Պենդերեցկան։
Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Բացման համերգին հնչել են Պենդերեցկու Թիվ 2 սիմֆոնիան՝ «Սուրբծննդյան սիմֆոնիա», կոնցերտը՝ գրված ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար, ինչպես նաև Յոաննա Վնուկ-Նազարովայի «Ժամանակն անցնում է․ Պասակալիա» ստեղծագործությունը՝ նվիրված Էլժբետա Պենդերեցկային։ Յոաննա Վնուկ-Նազարովան, ի դեպ, դիրիժորություն և կոմպոզիցիա է ուսանել Քշիշտոֆ Պենդերեցկու մոտ։ Յոաննա Վնուկ-Նազարովան նույնպես ժամանել էր Երևան և ներկա էր փառատոնի բացմանը։
Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել ճանաչված ֆլեյտահար Նոյեմի Գյորին։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնի առաքելությունն է հայ երաժշտասերներին հաղորդակից դարձնել համաշխարհային ժամանակակից դասական երաժշտությանը, ծանոթացնել մերօրյա կոմպոզիտորների հետ, ինչպես նաև վառ պահել Քշիշտոֆ Պենդերեցկու անունը:
Սեգեյ Սմբատյաննի ընդգծմամբ՝ Պենդերեցկին իր կոմպոզիտորական արվեստով երաժշտական նոր լեզու է ստեղծել և մնացել պատմության մեջ. մեծ պատասխանատվություն է անցկացնել լեգենդար կոմպոզիտորի անունը կրող փառատոն։ Նրա դիտարկմամբ՝ տարիներ շարունակ սերտ համագործակցելով Պենդերեցկու հետ՝ թե՛ ինքը, թե՛ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ոգևորվել են նրա արվեստով, մեծ մաեստրոյի հետ շփումը հարստացրել է բոլորին։
Հունգարացի ֆլեյտահար Նոյեմի Գյորին Հայաստանում ելույթ է ունեցել երկրորդ անգամ։ Նրա նշել է, որ ուրախ է ներկայացնել Պենդերեցկու կոնցերտը Հայաստանում։ Երաժշտի խոսքով՝ ֆլեյտան մելոդիկ գործիք է, այն կարող է լինել միստիկ, հզոր, միաժամանակ մեղմ ու շատ անսպասելի, և երաժշտական գործիքի այդ որակներն ամբողջովին բացահայտվում են Պենդերեցկու գեղեցիկ, մեղեդային կոնցերտում։ Այս կոնցերտը, ի դեպ, ֆլեյտահարուհին տարիներ առաջ կատարել է նաև Կրակովում, որտեղ ապրում էր Պենդերեցկին։
Տեղեկացնենք, որ առաջիկա օրերին Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների երրորդ փառատոնի շրջանակում տեղի կունենա կամերային և սիմֆոնիկ ևս երեք համերգ, որոնց ընթացքում կհնչեն հայ և արտասահմանյան ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնց մեծ մասը Հայաստանում կատարվում են առաջին անգամ։