Երևանում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը երկամարտի 462 կգ արդյունքով (212+250 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր , իսկ Սիմոն Մարտիրոսյանը ԵԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ՝ երկամարտի 440 կգ արդյունքով (195 + 245 կգ):
Պոկում և հրում վարժություններում ևս հայ գերծանր քաշային ծանրորդներն արժանացել են փոքր արծաթե և փոքր բրոնզե մեդալներին համապատասխանաբար:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ արժանանալով նաև առանձին վարժությունների ոսկե մեդալներին: Տալախաձեն Եվրոպայում առաջինն է ճանաչվել երկամարտի 474 կգ արդյունքով:
Գերծանր քաշայինների պարգևատրմանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Մրցումային վերջին՝ 9-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ է դուրս եկել կանանց 87+ կգ քաշային կարգում հանդես եկող Ջուլիետա Ավանեսյանը: Նա երկամարտի 211 կգ արդյունքով (95+116 կգ) զբաղեցրել է 9-րդ տեղը:
Պոկում վարժությունում Ավանեսյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ գլխավերևում պահելով 95 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 116 կգ արդյունք:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Էմիլի Քեմպբելը՝ երկամարտի 253 կգ արդյունքով: Հատկանշական է, որ պոկում վարժությունում նա 4-րդ արդյունքն է ցույց տվել՝ հաջող կատարելով միայն մեկ մոտեցում և գլխավերևում պահելով 110 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն նա փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ 143 կգ արդյունքով:
Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոթֆրիդը՝ երկամարտի 252 կգ արդյունքով (117+135 կգ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ուկրաինուհի Վալենտինա Կիսիլը՝ երկամարտում ցույց տալով 244 կգ արդյունք (111+133 կգ):
Նշենք՝ Հայաստանի հավաքականը Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտի 13 մեդալով, որից 4-ը՝ ոսկե:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի բոլոր տասը մարզիկներն էլ դարձել են ԵԱ-ի մեդալակիրներ: