Հայրենաճանաչության նպատակով դպրոցներում ներդրվել է նոր առարկա` «Ես և իմ հայրենիքը»: Հայաստանի շուրջ 25.000 մշակույթի անշարժ հուշարձաններից 7-ն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Վերջին տարիներին մեծ թափ են ստացել պետության կողմից հուշարձանների վերականգնման աշխատանքները: Շուրջ 10 հուշարձան այժմ վերականգնվում է պետություն-մասնավոր անձ համագործակցությամբ:

Միայն նախորդ տարի ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններ է այցելել 1 մլն 78 հազար մարդ, որը շուրջ 15 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից: Հաշվետու տարում թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման նպատակով հատկացվել է ռեկորդային` 1 մլրդ 284 մլն դրամ: 2021 թվականին այդ թիվը կազմել է 300 մլն դրամ:

2023 թ․ մայիսի 1-ից մինչև 12 տարեկան երեխաների մուտքը թանգարաններ կլինի անվճար, 12 տարեկանից բարձր երեխաները և ուսանողները թանգարաններ կայցելեն՝ վճարելով կես գին: Արտոնություններ կգործեն նաև սոցիալական մյուս խմբերի համար։

Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Ազգային ժողովում «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը ներկայացնելիս։

Նա նշել է, որ 2022 թվականին ընդունվել է «ՀՀ կրթության` մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որի գլխավոր նպատակը յուրաքանչյուր քաղաքացու որակյալ և միջազգայնորեն մրցունակ, հասանելի կրթության ապահովումն է։

Սպորտի մասսայականացման նպատակով կարևորվել է մարզական ենթակառուցվածքների հասանելիությունը: Այժմ կառուցվում են 12 մարզադպրոցներ և մարզական կառույցներ: Հաշվետու տարում ավելացել է մարզիկների պարգևատրումների չափը:

Գիտության ոլորտի ֆինանսավորումը 2023 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել է շուրջ 2,5 անգամ կամ 150 տոկոսով: Ըստ ԿԳՄՍ նախարարի` որպեսզի գիտությամբ զբաղվելը գրավիչ լինի, մեկնարկել է գիտաշխատողների աշխատավարձերի փուլային բարձրացման ծրագիրը: Աշխատանքներ են տարվում, որպեսզի ոլորտը համալրվի երիտասարդ գիտնականներով:

Անդրադառնալով դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի 24 դպրոցներում և 46 մանկապարտեզներում ավարտվել են վերանորոգման աշխատանքները: Այս պահին աշխատանքներ են ընթանում 165 դպրոցներում և 125 մանկապարտեզներում: Դրանք շահագործման են հանձնվելու ամբողջությամբ հագեցված նոր գույքով:

Ընդհանուր առմամբ՝ հանրապետությունում նախատեսվում է ունենալ 150 կրթահամալիր, որից 40-ը` Սյունիքի մարզում: «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» հետ համատեղ Սյունիքում նախատեսվում է ունենալ նաև 2 սմարթ կենտրոն:

Աշխատանքներ են տարվում դպրոցները բնագիտական լաբորատորիաներով համալրելու ուղղությամբ: Շարունակվում է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը, որն այս տարի նախատեսված է հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։

Բարեփոխումներ են սկսվել բարձրագույն կրթության ոլորտում, արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում` միտված ակադեմիական քաղաքի ստեղծմանը:

Զեկույցից հետո նախարարը պատասխանել է պատգամավորների տարաբնույթ հարցերին:

Անդրադառնալով պատգամավորներից մեկի՝ ուսուցիչների կողմից բարձրաձայնված այն հարցին, թե կարո՞ղ են միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն առանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու շարունակել աշխատել, այն դեպքում, երբ մասնակցել են պարտադիր ատեստավորմանը, հավաքել համապատասխան կրեդիտներ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առանց կամավոր ատեստավորում անցնելու` աշխատանքը չեն կարող շարունակել բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները: Նա պարզաբանել է՝ այդ ուսուցիչները 12 տարի ժամանակ ունեին ստանալու համար բարձրագույն կրթություն։ Ըստ նախարարի՝ հանրապետությունում միջին մասնագիտական կրթություն ունեցող 1340 ուսուցիչ կա: Այժմ շրջանառության մեջ է դրված օրենքի նախագիծ, ըստ որի` այն ուսուցիչները, որոնք ունեն միջին մասնագիտական կրթություն, հնարավորություն կստանան մասնակցել կամավոր ատեստավորմանը։ Սահմանված շեմը հաղթահարելու և համապատասխան միավորներ հավաքելու դեպքում նրանք կկարողանան շարունակել իրենց աշխատանքը` ունենալով կամավոր ատեստավորման նույն արտոնությունները, ինչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է` արդյոք քննարկվե՞լ է մասնավոր դպրոցներին այն արտոնություններով աջակցելու հարցը, ինչից օգտվում են պետական դպրոցները: Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ ՀՀ-ում գործում են շուրջ 1400 պետական հանրակրթական և 50 ոչ պետական դպրոցներ, և այստեղ իրավիճակը բավականին բազմաշերտ է: Նրա խոսքով՝ նախորդ տարվանից ոչ պետական դպրոցների տարրական դասարանների շուրջ 4000 աշակերտները ևս ստանում են անվճար դասագրքեր: «Մենք նաև քննարկում ենք ներառականության ապահովման հարցը, քանի որ այն պահանջում է լրացուցիչ ծախսեր. գուցե այդ աջակցության տրամադրման հարցը քննարկենք հաջորդ փուլում»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երեխաների թվով ֆինանսավորման հարցի հետ կապված ևս հավելյալ քննարկման կարիք կա: Նախարարը նաև փաստել է, որ ոչ բոլոր մասնավոր դպրոցներն են ապահովում որակյալ կրթություն. «Այդ 50 դպրոցների թվում կան նաև ոչ պետական դպրոցներ, որտեղ բավականին բարդ է հասկանալ, թե ինչպիսին է կրթության որակը»:

Պատգամավոր Թագուհի Ղազարյանը հետաքրքրվել է ԿԳՄՍ նախարարության համակարգման տիրույթում գտնվող լեզվական քաղաքականությամբ: Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջնային խնդիրներից է լեզվական քաղաքականության մշակման նախաձեռնումը՝ ընդգծելով, որ ժամանակները պահանջում են հասկանալ՝ ինչ փոփոխությունների կարիք կա, որպեսզի դրանք լինեն շատ ավելի համահունչ առկա մարտահրավերներին:

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը բարձրաձայնել է, որ Պտղնի համայնքի 6-րդ դարի տաճարը հիմնանորոգման կարիք ունի, սակայն չի ընդգրկվում վերակառուցման ծրագրերում։ Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանը նշել է «Ցավոք, մեծ ծավալի աշխատանք կա անելու, որովհետև հուշարձանների զգալի մասը կարիք ունի անհրաժեշտ հիմնանորոգման և ամրացման։ Եկեղեցաշինության ուղղությամբ մասնագիտացած ճարտարապետներ այսօր գրեթե չունենք. բացակայում են նաև վերականգնող ճարտարապետներ։ Կան իհարկե, բայց նկատի ունեմ որակի և ժամանակակից տեխնոլոգիաների իմաստով։ Այս պահին իտալացիների հետ ենք համագործակցում, որի առանցքում լինելու է կրթական ծրագրերով տեղական ռեսուրսներ ձևավորելը»։

«Նախատեսում ենք, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում տեղակայվելու է ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերը»,- հայտարարել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի այն հարցին, թե ինչ է լինելու «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքի ճակատագիրը. «Ունենք հստակ պատկերացում, որ այստեղ վերականգնելու ենք կինոարտադրության և կինոկրթության հնարավորությունները։ Այսինքն՝ շենքի սկզբնական գործառույթները պետք է զարգացնենք, իսկ թե ինչպես՝ կասեն մասնագետները։ Ակնկալում ենք ճարտարապետների այց։ Այստեղ լինելու են արվեստների համալսարանը, արվեստների ավագ դպրոցը՝ բոլոր ենթակառուցվածքներով, ժամանակակից կինոթատրոնով»։ Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքի ընդհանուր կառուցվածքին, նախարարը հայտնել է, որ Աշտարակի ֆիզիկայի ինստիտուտի տարածքում կտեղակայվի տեխնոլոգիական կլաստերը, իսկ երրորդ կլաստերում՝ կրթական այլ հաստատություններ։ Ընդհանուր առմամբ, ըստ Ժաննա Անդրեասյանի, ակադեմիական քաղաքը միավորելու է մոտ 44 հազար ուսանողների և դասախոսների:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը դիմել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ նշելով, որ փոխանցում է ԱԺ նիստն ուղիղ եթերով դիտող քաղաքացու հարցը՝ ինչո՞ւ են Ագրարային համալսարանի վարձավճարները տարեցտարի թանկանում։ Ժաննա Անդրեասյանը պատասխանել է, որ բուհերը ժամանակ առ ժամանակ վերանայում են վարձավճարները, և դրա հիմքում ընկած են կրթության կազմակերպման ծախսերը «Գնաճի տեմպերը հայտնի են, բուհերի ծախսերը ևս ավելանում են։ Ուստի, տրամաբանական չէ ակնկալել, որ վարձերի փոփոխություններ չեն լինի։ Կարևոր է, որ պայմանագրում ամրագրվի ուսման վարձի չափը։ Նոր վարձերը գործում են նոր ընդունվող ուսանողների համար»։

Նախարարն անդրադարձել է նաև Կառավարության ծրագրի թիրախ հանդիսացող դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցմանը, որի շրջանակում նախորդ տարվա սեպտեմբերից 25 հաստատություններում ուսումնասիրում են պարսկերեն, վրացերեն, թուրքերեն և ադրբեջաներեն: Նախարարը հայտնել է, որ դպրոցների շրջանում նախնական ուսումնասիրություն է արվել՝ պարզելու համար հետաքրքրությունը «Մենք դպրոցներին չենք պարտադրել, այն կամավոր է եղել։ Շուրջ 400 դպրոցներ ցանկություն էին հայտնել ունենալ տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում։ Հիմնական հետաքրքրությունը, ընդ որում, թուրքերենի ուղղությամբ էր։ Իհարկե, չկարողացանք այդ ծավալն ապահովել, որովհետև կադրերի լուրջ խնդիր ունենք։ Ժամանակ է պետք է, որպեսզի անցնենք նման ծավալի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ամենաակնառու պակասը վրացերենի մասնագետներին է վերաբերում։

Նախարարը պատասխանել է ԱԺ պատգամավորների այլ հարցերի: