Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 12:1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ:

Վազգեն Թևանյանը կարիերայում առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Մինչ այս նա ճանաչվել էր Եվրոպայի Մ17, Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունների հաղթող:

Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվեին: Քառորդ եզրափակչում արդեն Թևանյանը 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 12:4 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացող հայազգի ըմբիշ Էրիկ Առուշանյանին:

79 կգ քաշային ազատոճային ըմբիշ Արման Ավագյանը գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4-7 հաշվով ցավալի պարտություն է կրել: Ավագյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 5-1 հաշվով առավելության է հասել ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի նկատմամբ: Կիսաեզրափակչում, սակայն, Հայաստանի ներկայացուցիչը 10:12 հաշվով զիջել է Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին:

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ: Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի Ալբանիայի ներկայացուցիչ Զալիմխան Աբակարովը: Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Էմրահ Օրմանօղլուի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել, քանի որ քառորդ եզրափակչում նրան հաղթած Սլովակիայի ներկայուցիչը՝ Թայմուրազ Սալկազանովը, դուրս է եկել եզրափակիչ: Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը կչափի մակեդոնացի Ռասուլ Շապիևի հետ, իսկ հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար՝ ուժերը չափելով Վրաստանի ներկայացուցչի հետ:

Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):