Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հավակնում է դառնալ լավագույններից մեկը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել են երևանյան առաջնության կազմակերպիչները:

Լրագրողների հետ հանդիպել և առաջնության նախապատրաստական աշխատանքներն ամփոփել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջալուդ Մուհամեդը և Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին:

«Վստահ եմ՝ բոլորս անհամբեր սպասում ենք առաջնության մեկնարկին. մենք պատրաստ ենք: Առավոտյան ներկա եմ եղել Եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսին: Այն փորձը, որը ձեռք ենք բերել, թույլ է տալիս հյուրընկալել ավելի մեծ միջոցառումներ: Այս ընթացքում խոսել ենք մեր գործընկերների հետ և հայտ ենք ներկայացրել աշխարհի հաջորդ տարվա առաջնությունն ընդունելու համար: Շնորհակալ եմ գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ հայկական կողմը միջազգային ֆեդերացիային պետք է առաջարկեր այնպիսի ծրագիր, որը գայթակղիչ լիներ, և ընդամենը մեկ տարվա ընթացքում Հայաստանին վարկանշային մրցաշար վստահեին: Կարեն Գիլոյանը, անդրադառնալով Հայաստանի հավաքականներից ունեցած սպասելիքներին, նշել է՝ մեր մարզիկները մասնակցելու են՝ հնարավորին շատ մեդալներ նվաճելու մտադրությամբ. «Թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց հավաքականները պատրաստ են առաջնությանը: Հուսանք, որ գոնե երեք չեմպիոն կունենանք»:

Այն, որ Հայաստանը մեծ շանսեր ունի ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնությունը հյուրընկալելու համար, ընդգծում է նաև Միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջալուդ Մուհամեդը:

«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին՝ այս մեծ միջոցառումը հյուրընկալելու համար: Գիտեմ, որ Հայաստանը ծանրամարտում առաջատարներից է և հայտ է ներկայացրել աշխարհի հաջորդ առաջնությունն անցկացնելու համար: Իմ այցի նպատակը նաև այդ առումով ուսումնասիրություններ կատարելն է: Կարծում եմ՝ Հայաստանը լավագույնս կհավակնի այդ իրավունքին: Գիտեմ, որ հայերը մեծ սիրտ ունեն և անկախ քաղաքական իրավիճակներից՝ պատրաստ են եղել լավագույնս ընդունել բոլորին, ովքեր ցանկացել են մասնակցել այս առաջնությանը»,- նշել է Մուհամեդ Ջալուդը:

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտիի խոսքով՝ Հայաստանը նախապատրաստական աշխատանքների փուլում գերազանցել է բոլոր սպասելիքները. «Դուք գերազանցել եք մեր սպասելիքներն ու պահանջները: Շատ հաջող առաջնություն ենք ակնկալում՝ ամենաբարձր որակի: Սա պարզապես Եվրոպայի առաջնություն չէ, նաև օլիմպիական վարկանիշային մրցաշար է: Այդ իսկ պատճառով մեր պահանջներն ու չափանիշները փոքր-ինչ բարձր են եղել ընդունող երկրի համար: Երբ ստանդարտները մի փոքր ավելի բարձր են լինում, մենք բախվում ենք ուշացումների և այլ խնդիրների հետ, բայց Հայաստանի պարագայում մեր դրած չափանիշների 99 տոկոսն արդեն իսկ իրականացված է: Արվել է ավելին, քան մենք պահանջել ենք»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ ժամը 20:30-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: