ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» /T-GREEN/ ծրագրի մեկնարկի հանդիպմանը, որը կայացել է առցանց ձևաչափով:

Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում կարևորել է միջազգային ծրագրի և բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ընդհանուր թիրախները:

«Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող այս նախագծի նպատակները համահունչ են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված թիրախներին և բարձրագույն կրթության ոլորտում ՀՀ որդեգրած բարեփոխումներին: Այս առումով առաջնային է հատկապես մագիստրոսական կրթական ծրագրերի բարեփոխումը, որը հնարավորություն է ընձեռում անցում կատարել դեպի ապագային ուղղված միջառարկայական, միջգիտակարգային ուսումնական ծրագրերին` ներառելով «կանաչ գործիքների» գիտելիքներ և հմտություններ։ Հիմնական նպատակներից է նաև խթանել ուսանողների շարժունությունը, մշակել համատեղ մագիստրոսական ծրագրերի իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ նոր գործիքակազմեր՝ բարելավելով գործող կանոնակարգերը»,- նշել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ և եվրոպական գործընկեր բուհերի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ կարևորելով և բարձր գնահատելով հայաստանյան բուհերի մասնակցությունը և ցուցաբերած արդյունքները ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրերում։

ERASMUS+ «Կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար. այն ավարտվելու է 2026 թվականին: Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական, Եվրասիա միջազգային, Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանում Ֆրանսիական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ազգային ագրարային, Գորիսի պետական և Գավառի պետական համալսարանները, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։
ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային հելլենիկ (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան (Լեհաստան) համալսարանները ։