ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

  1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
  2. Ճարտարագիտական գիտություններ,
  3. Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ),
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ),
  5. Մանկավարժական գիտություններ,

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի (կցվում է)՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 599-642:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:

Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն.

  • նորարար և կիրառական նշանակություն,
  • ներկայացված գաղափարի շարունակականություն,
  • հանրային մասնակցության բաղադրիչ,
  • միջգիտակարգային լուծումներ: