Հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ պայմանավորված` 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների նոր դասագրքերի ստեղծման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթներ, որոնց հրավերները տեղադրված են նախարարության կայքում: Գործընթացին առնչվող քաղաքացիների և իրավաբանական կարգավիճակ ունեցող անձանց հնչեցրած հարցերը համակարգվել են, որոնց վերաբերյալ ստորև ներկայացնում ենք համապատասխան տեղեկատվություն:

Մրցույթի անցկացման ընթացակարգ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.06.2022 թ. N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» 37-րդ կետում կատարվել է լրացում. «Թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել դասագրքերի ստեղծման մրցույթի վերաբերյալ հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ՝ բացառությամբ նոր «Հանրակրթության պետական չափորոշչի» ամբողջական ներդրմամբ պայմանավորված հաջորդաբար ստեղծվող դասագրքերի մրցույթների հայտարարությունների», որի նախագիծը շրջանառվում է: Միաժամանակ, հարկ է հաշվի առնել, որ գործընթացն իրականացվում է առաջին անգամ, և փորձագետների շտեմարանի ձևավորումը պահանջել է զգալիորեն ավելի շատ ժամանակ՝ մի քանի անգամ տրվել են հայտարարություններ՝ տարբեր ուղղություններով պահանջվող մասնագետների տվյալների բավարար և որակյալ շտեմարան ձևավորելու համար։ Հաշվի առնելով այն, որ կոնկրետ գնահատող հանձնախմբերի ձևավորումը, ըստ սահմանված կարգի, տեղի է ունենալու գնահատման գործընթացին նախորդող օրերին, ավելին՝ կոնկրետ գնահատող խմբերի ձևավորման համար խիստ կարևոր է նաև շահերի բախման բացառումը, որը հայտնի է դառնում միայն դասագրքերի մրցույթին արդեն իսկ ներկայացված հայտերից հետո, ապա շտեմարանի ձևավորման ժամկետներն այս պարագայում որևէ կերպ չեն խոչընդոտում նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացմանը։ Ավելին՝ նախատեսված է նաև շտեմարանում ընդգրկվող մասնագետների վերապատրաստում՝ գնահատման գործընթացը պատշաճ իրականացնելու համար, որը նույնպես կիրականացվի նախատեսված ժամկետներում։

Առարկայական ծրագրեր և առարկայական նոր չափորոշիչներ

Առարկայական ծրագրերը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել և տեղադրվել են ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ http://escs.am/am/news/14754 հղմամբ: Առարկայական նոր չափորոշիչները 2021 թվականի ապրիլի 30-ին հաստատվել և տեղադրվել են նախարարության կայքում՝ https://escs.am/am/news/8621 հղմամբ:

Մեթոդական ձեռնարկների և ուսումնական նյութերի տեխնիկական չափանիշներ

Հայտահրավերի 2.10 կետի վերաբերյալ պահանջը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 09.06.2022 թ. N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» պահանջներից: Մեթոդական ուսումնական ձեռնարկի և ուսումնական նյութի ծավալը հեղինակի հայեցողությամբ կարող է տարբեր լինել: Հարկ է նշել, որ մեթոդական ձեռնարկը դասագրքի բաղադրիչ է, և այն գնահատվում է դասագրքի հետ համատեղ սահմանված կարգի պահանջներին համապատասխան:

Պայմանագրի ժամկետներ և պահանջներ

Պայմանագրի 1.2 կետում նշված (սույն պայմանագրով նախատեսված գումարի դիմաց կազմակերպությունը պետական մարմնին սույնով տրամադրում է նաև դասագրքի, դասագրքի մեթոդական ուղեցույցների, դասագրքի բովանդակությունը լրացնող կամ հարստացնող այլ ուսումնական (ուսումնաօժանդակ) նյութերի (բոլորը միասին՝ Դասագիրք) ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված օգտագործման (մասնավորապես՝ տպագիր օրինակ(ներ)ի վերարտադրման, տարածման, վարձույթով տալու և փոխատվության) իրավունք՝ անժամկետ, ՀՀ տարածքում (այսուհետ՝ Լիցենզիա) դրույթը վերաբերում է, ըստ դասագրքերի գործածության ժամկետների, հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա ձևավորված նախարարության պատվերին: Վերահրատարակմանն առնչվող հարցերը կկարգավորվեն կողմերի միջև կնքվող պայմանագրի դրույթներով:

Արտերկրում գրանցված հեղինակային իրավունք

Արտերկրում գրանցված հեղինակային իրավունքի ձեռքբերման դեպքում հավելյալ գումար կտրամադրվի միայն համապատասխան հիմքերի առկայության դեպքում, և դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ մրցակցային պայմանների վրա: Հիշեցնենք նաև, որ հայտահրավերում համապատասխան կարգավորումը ներառվել է հրատարակչությունների գրավոր և բանավոր առաջարկությունների հիման վրա:

Բովանդակային շեմը հաղթահարած, բայց դրամաշնորհ չստացած դասագրքեր

ԿԳՄՍ նախարարի 09.06.2022 թ. N 20-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» 24-րդ կետի համաձայն՝ դրամաշնորհային մրցույթում անցողիկ շեմը հաղթահարած, առավելագույն միավոր ստացած երկու դասագիրք նախարարության կողմից կերաշխավորվեն գործածության: Վերոնշյալ կարգի 22-րդ կետի համաձայն՝ «Բովանդակային շեմն անցած դասագրքերը հանրակրթական ուսումնական հաստատությունում կարող են օգտագործվել որպես ուսումնական նյութ»:

Գնահատման սանդղակ

Ինչպես բազմիցս պարզաբանվել է, hաղթող է համարվում այն դասագիրքը, որն ապահովել է 60 տոկոս և ավելի շեմը: Դասագրքերի գնահատումն իրականացնում է փորձագիտական հանձնաժողովը՝ դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակի համաձայն, որը տեղադրված է կայքում:

Դրամաշնորհային գումար

Դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթն առաջին անգամ է իրականացվում. դասագրքերի ստեղծման արժեքի գնագոյացման հաշվարկը կատարվել է համանման ծրագրերի հիման վրա: Մասնավորապես, նախահաշվային արժեքի ձևավորման համար հիմք են ծառայել մինչ այս գրահրատարակչության ոլորտում իրականացված նախահաշվային արժեքները գիտական գրականության ստեղծման մասով, ինչպես նաև դասագրքերի մշակման համար ներկայիս գործող մեխանիզմից ներկայացված հաշվարկները։ Ըստ մրցույթի արդյունքում ստացած մրցակցային առաջարկների՝ նախարարությունը պլանավորել է հետագայում, ըստ անհրաժեշտության, հնարավորության սահմաններում վերանայել դասագրքերի ստեղծման արժեքը՝ փաստացի իրողությունները նաև հաշվի առնելով:

Հարկ է նշել, որ ինչպես կարգով է սահմանված, առաջնային է լինելու դասագրքերի բովանդակային և մեթոդական փորձաքննությունը։ Նախապատվություն կտրվի և գործածության կերաշխավորվի ներկայացված պահանջներին համապատասխանող դասագիրքը, ինչից հետո կքննարկվեն նաև գնային առաջարկները: Հեղինակների կողմից ներկայացված նախահաշվային արժեքից բարձր գնային առաջարկը չի կարող պատճառ հանդիսանալ, այսպես կոչված, «սև ցուցակում» ընդգրկվելու համար: ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգի» 9.1. կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ «Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում: Կազմակերպությունն ընդգրկվում է ցուցակում, եթե՝

  • որպես հաղթող հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
  • խախտել է կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պետական մարմնի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը»:

Երկու դեպքն էլ վերաբերելի չեն այս հնարավոր իրավիճակին։

Հեղինակին տրամադրվող հոնորար

Համաձայն կարգի 1.3-րդ կետի՝ «Փորձաքննությունն անցած, հաղթող ճանաչված, դասագրքերի երաշխավորման ցուցակում ընդգրկված և ուսումնական հաստատությունների կողմից պատվիրված, տպագրության ներկայացված յուրաքանչյուր դասագրքի յուրաքանչյուր տպաքանակի համար պատվիրատուի կողմից հեղինակին տրամադրվում է հոնորար՝ տվյալ չափաբաժնի տպագրման համար ծախսված գումարի 8 (ութ) տոկոսի չափով»: Այս կետի վերաբերյալ Հրատարակիչների ազգային ասոցիացիային հասցեագրված ԿԳՄՍ նախարարության՝ 2022 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 05/09.2/33195-2022 գրությամբ տրվել է նաև պաշտոնական պատասխան:

Դասագրքի սանիտարահիգիենիկ նորմեր

Հարցը կարգավորվում է ՀՀ առողջապահության նախարարի 04.04.2011թ. N 02-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական և նախնական մասնագիտական կրթության ուսումնական հրատարակություններին ներկայացվող թիվ 2-3.4.07-11 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով»: Վերոնշյալ հրամանում փոփոխություն կատարելու համար կարող եք առաջարկություն ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն:

Դասագրքի առնվազն 11 հատ օֆսեթ եղանակով տպագրված ազդօրինակ ներկայացնելու պահանջ

Վերոնշյալ պահանջը բխում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 20-Ն /09.06.2022թ./ հրամանով հաստատված «Հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգի» 36-րդ կետից: