2023 թվականի ապրիլին Երևանում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։

Մրցաշարն անցկացնելու հայտ են ներկայացրել նաև Խորվաթիայի և Մակեդոնիայի ֆեդերացիաները, բայց Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան նախապատվությունը տվել է Հայաստանին:

EUBC-ին հայտնել է նաև 2023-ին կայանալիք մյուս տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունների մրցավայրերը։

Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը կկայանա հուլիսին Ռումինիայում, կրտսեր տարիքի պատանիներինը` օգոստոսին Սլովենիայում։ Մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Ադրբեջանում՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ մեծահասակների Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կընդունի Սերբիան` հաջորդ տարվա մարտին։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Երևանն ընդունել էր մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Այն լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիան խորհրդանշական նվերներ էր հանձնել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին: Առաջնությանը 39 երկրի 200-ից ավելի մարզիկ է մասնակցել: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 260 հազար դոլար: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը 4 մեդալ է նվաճել Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում: