Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել բարդ և պատասխանատու աշխատանքում:

«Ցանկանում եմ արգասաբեր աշխատանք և հաջողություններ մաղթել Ձեզ շատ կարևոր և պարտավորեցնող պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կարծում եմ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիրի ամենակարևոր գերատեսչություններից մեկն է, որը, իր գործունեության բնույթով պայմանավորված, ուղղակիորեն առնչվում է մեր հանրության բոլոր շերտերի հետ»,- շեշտել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ընդունելության համար և ընդգծել, որ բազմոլորտ նախարարության արդյունավետ աշխատանքի առաջնային գրավականը միջգերատեսչական և ոլորտային ուղղությունների համագործակցությունն ու ներդաշնակությունն են:

Զրույցի ընթացքում նորանշանակ նախարարը նախագահին է ներկայացրել կրթության ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող բարեփոխումների ընդհանուր վիճակն ու մանկավարժների ատեստավորման համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը:

Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ հնարավորությունների սահմաններում մշտապես պատրաստակամ է աջակցել նախարարության կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին: