ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Իլդար Տազուտդինովին:

Հանդիպման առանցքում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտի փոխգործակցությանն ուղղված հարցերն էին: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ այս բնագավառում կողմերն ունեն փորձի փոխանակման մեծ ներուժ, և առաջարկել է ներկայացնել համագործակցության առաջարկներն ու հնարավորությունները:

Իլդար Տազուտդինովը ներկայացրել է Թաթարստանի Հանրապետության «Ալաբուգա» կազմակերպության գործունեությունը, ենթակառուցվածներն ու իրականացվող կրթական ծրագրերը: Նրա տեղեկացմամբ՝ կազմակերպության կազմում գործում է «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջը, որտեղ հիմնական կրթության հիմքով մասնագիտական կրթություն է կազմակերպվում «Արդյունաբերական ռոբոտներ», «Արդյունաբերական ավտոմատիկա», «Էլեկտրամոնտաժ», «Լաբորատոր քիմիական վերլուծություն», «Տեղեկատվական համակարգեր և ծրագրավորում», «Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտություններով: Կազմակերպության առաջարկով ՀՀ դիմորդները ևս նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով կարող են սովորել «Ալաբուգա պոլիտեխ» ինժեներական քոլեջում: Ուսումնական հաստատությունը տրամադրում է կրթաթոշակ (մրցութային կարգով), ապահովում է կեցություն հանրակացարանում, ինչպես նաև փոխադրման ծախսերի փոխհատուցում։

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Հայաստանում ՄԿՈՒ ոլորտում իրականացվում են բարեփոխումներ. շրջանառվում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի նախագիծը, որով նախատեսվում են հիմնարար փոփոխություններ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում համատեղ օլիմպիադաներ անցկացնելու հնարավորությանը և նախանշել կողմերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: