Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին: Հանդիպմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մարիամ Մկրտչյանին հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետությունը կարևորում է տաղանդների զարգացմանն աջակցությունը և ծրագրեր է իրագործում Հայաստանին նոր սպորտային հաղթանակներ բերելու ուղղությամբ. «Հայաստանի շախմատի պատմությունն արդեն իսկ իր օբյեկտիվ նպաստը բերել է, և մնում է, որ մենք նաև ճիշտ քաղաքականություն վարենք և այդ քաղաքականությունն իրականացնենք:

Մենք հիմա մտածում ենք Հայաստանում տաղանդների աջակցման հիմնադրամ ստեղծելու մասին: Կառավարության քաղաքականությունը այս հարցում ընդհանրական է. և՛ կրթության, և՛ մշակույթի, և՛ սպորտի ու այլ ոլորտների առումով ստեղծել մաքսիմալ հնարավորություն, որպեսզի մեր երեխաների տաղանդը հնարավորինս ինքնադրսևորվի»:

Վարչապետն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվելու ինչ-ինչ հանգամանքների պայմաններում չբացահայտված տաղանդներին գտնելու և նրանց աշխատասիրությունն առավել դրսևորելու հարթակների ստեղծման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շախմատի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել մեր երկրում շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունների, պետության կողմից ոլորտի խթանման ծրագրերի շուրջ: