ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու հայտերի ընդունում:

Հանձնաժողովների գործունեության նպատակն է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների դասագրքերի ստեղծման մրցույթում իրականոցվող փորձաքննության արդյունքում դասագրքերի համապատասխանության գնահատումը հանրակրթության պետական չափորոշչին:

Հանձնաժողովում ընդգրկվելու համար թեկնածուներ կարող են առաջադրվել կամ ինքնաառաջադրվել.

  • նախարարության,
  • գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների,
  • ուսումնական հաստատությունների,
  • պետական կառավարման, տարածքային մարմինների,
  • Երևանի քաղաքապետարանի,
  • կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից:

Հանձնաժողովում ընդգրկվելու պարտադիր պահանջներ են`

  • բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, կրթական աստիճանով),
  • մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:

Հանձնաժողովի անդամության թեկնածուների ընտրությունն իրականացվում է՝ ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝

1) տվյալ առարկայի 3-5 մասնագետներ,
2) մանկավարժ-մեթոդիստ,
3) մանկավարժ-հոգեբան,
4) հայոց լեզվի մասնագետ,
5) նկարիչ-ձևավորող,
6) բժիշկ-հիգիենիստ։

Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։
Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն տարրական՝ 1-4-րդ և միջին՝ 5-9-րդ դասարաններում 176 էջը (11 մամուլ), ավագ՝ 10-12-րդ դասարաններում՝ 192 էջը (12 մամուլ):
Հանձնաժողովների կողմից սահմանվում է դասագրքերի բովանդակային անցողիկ շեմ։
Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ է, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը:

Հանձնաժողովները ձևավորվում են դասագրքի ստեղծման մրցույթի բացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ՝ համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից ինքնաշխատ եղանակով, պատահականության սկզբունքով ընտրված թեկնածուներից, իսկ շահերի բախում հայտնաբերվելու դեպքում՝ թեկնածուն կփոխարինվի:

Դասագրքերի ստեղծման փորձաքննության համար սահմանված է առավելագույնը մեկ ամիս և նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին:

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ secretariat@escs.am էլեկտրոնային հասցեով:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված ստեղծվող դասագրքերի ցանկը հրապարակված է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում: