Հանձնաժողովների գործունեության նպատակն է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում դասավանդվող հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացվող դասագրքերի փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) արդյունքում հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատումը:

Հանձնաժողովում ընդգրկվելու համար թեկնածուներ կարող են առաջադրվել կամ ինքնաառաջադրվել.

1) Նախարարության,
2) գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների,
3) ուսումնական հաստատությունների,
4) պետական կառավարման, տարածքային մարմինների,
5) Երևանի քաղաքապետարանի,
6)կրթական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից:

Հանձնաժողովում ընդգրկվելու պարտադիր պահանջներ են`

1) բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի, կրթական աստիճանով),
2) մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:

Թեկնածուն՝ հայտ ներկայացնելու համար, լրացնում է անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

1) անունը, ազգանունը (հայրանունը),
2) զբաղեցրած պաշտոնը,
3) բնակության վայրը,
4) հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային,
5) էլեկտրոնային փոստի հասցեն,
6) կրթության, աշխատանքային ստաժի վերաբերյալ
7) 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում դասավանդվող
առարկայի (առարկաների) Հավելվածում ներառված ստեղծվող դասագրքի (դասագրքերի)՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում որպես անդամ ընդգրկվելու համար անհրաժեշտ է հայտում նշել առարկայի անվանումը: Հանձնաժողովի անդամության թեկնածուների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝

1) տվյալ առարկայի 3-5 մասնագետներ,
2) մանկավարժ-մեթոդիստ,
3) մանկավարժ-հոգեբան,
4) հայոց լեզվի մասնագետ,
5) նկարիչ-ձևավորող,
6) բժիշկ-հիգիենիստ։

Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։

Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում իրականացնում է փորձաքննությունն հետևյալ փուլերով.

1) համապատասխանության փուլ: Այս փուլում գնահատվում է ներկայացված դասագրքում նյութի գիտական համապատասխանությունը՝ «Համապատասխանում է» և «Չի համապատասխանում» գնահատականներով։ Ձևավորված հանձնաժողովի կողմից կազմվում է գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովը կարող է դիմել այլ մասնագիտական կառույցների՝ գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացություն ստանալու համար:

2) բովանդակային գնահատման փուլ: Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքերի բովանդակային գնահատումն իրականացվում է հանձնաժողովների կողմից՝ սահմանված պահանջներին համապատասխան մշակված սանդղակի համաձայն:

Սահմանված պահանջներն են՝

1) դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնի առարկայի կամ դրա` համապատասխան դասարանի համար նախատեսված մասի (եթե դասագիրքը կազմված է մեկից ավելի իրար շարունակող մասերից) հիմնական բովանդակությունը,

2) դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,

3) դասագրքում պետք է ապահովված լինեն օգտագործված բոլոր նյութերի և աղբյուրների հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների),

4) դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

5) դասագիրքը պետք է լինի մատչելի՝ համապատասխանելով տվյալ դասարանի սովորողի լեզվամտածողության, ինչպես նաև տեսողության խնդիրներ ունեցող երեխաների առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ, ներառի պարզ օրինակներ, բազմաբնույթ վարժություններ,

6) դասագրքում պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից,

7) դասագրքի կառուցվածքը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին գլուխների և դասերի, պարագրաֆների և կառուցվածքային այլ բնութագրիչների դասավորում, ներքին ամբողջականություն,հստակություն, տրամաբանական հաջորդականություն, եզրակացությունների հակիրճություն, պարզություն, ներկայացման արտահայտչություն ու պատկերացումների, նկարազարդումների, ճշգրիտ և բազմազան հարցերի, պայմանների ու առաջադրանքների այնպիսի կառուցվածք, որը սովորողներից պահանջում է կատարել մտավոր գործողություններ, նշումներ, ուրվագծեր, գծանկարներ, հաշվարկներ, գործնական աշխատանքներ, փորձեր և այլն:

8) դասագրքի էջերը չպետք է գերազանցեն տարրական (1-4-րդ) և միջին (5-9-րդ) դասարաններում 176 էջը (11 մամուլ), ավագ (10-12-րդ) դասարաններում՝ 192 էջը (12 մամուլ):

Հանձնաժողովների կողմից սահմանվում է դասագրքերի բովանդակային անցողիկ շեմ։

Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ, վերջիններիս հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր) անձ կամ որևէ այլ ձևով մասնակից է դասագրքի ստեղծմանը, որի վերաբերյալ հանձնաժողովում ընդգրկվելու դեպքում գրավոր ներկայացնում է հայտարարություն՝ շահերի բախման բացակայության մասին:

Թեկնածուները գրավոր կտեղեկացվեն ցուցակում ընդգրկված լինելու մասին` նախքան ցուցակը համակարգչում զետեղելը:

Հանձնաժողովները ձևավորվում են դասագրքի ստեղծման մրցույթի բացման օրվանից երկու աշխատանքային օր առաջ՝ համակարգչում նախօրոք զետեղված և համակարգչի կողմից ինքնաշխատ եղանակով, պատահականության սկզբունքով ընտրված թեկնածուներից, իսկ շահերի բախում հայտնաբերվելու դեպքում՝ թեկնածուն կփոխարինվի:

Յուրաքանչյուր մամուլի փորձաքննության համար կտրվի 15000 ՀՀ դրամ: Դասագքերի ստեղծման փորձաքննության համար սահմանված է առավելագույնը մեկ ամիս և նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին:

Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են 2022 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ secretariat@escs.am:

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում: