ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում տեղի են ունեցել հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Երկօրյա համերգները կայացել են Նաումբուրգ քաղաքի Սուրբ Վենցելի տաճարում և Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Համերգներն ուղեկցվել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի, ջութակահար Նիկոլայ Մադոյանի և երգեհոնահար Նիկոլաս Բերնդտի կատարումներով, դիրիժոր՝ Ֆիլիպ Ամելունգ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր ելույթում անդրադարձել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ ձևավորված ինստիտուցիոնալ համագործակցությանը և կարևորել հատկապես մշակույթի ոլորտում փոխգործակցության հնարավորությունները:

Միջոցառմանը ներկա են եղել Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Պատվո հյուպատոս Միխայել Շմիդտը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ Արմավիրի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, տեղական իշխանության ներկայացուցիչներ:

«Հայաստանի երեկո» միջոցառմանն ընդառաջ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և Սաքսոնիա-Անհալթի Լանդթագի պատգամավորների հանդիպումը՝ երկու երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ Վլադիմիր Վարդանյանի և Գուննար Շելլենբերգերի գլխավորությամբ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում համագործակցել պետաիրավական, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում:

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը 2022 թվականը որակել է որպես Ազգային ժողովի և Լանդթագի համագործակցության տարի և ընդգծել Բուրգենլանդկրայզի և Արմավիրի մարզի, ինչպես նաև Նաումբուրգ և Արմավիր քաղաքների միջև գործընկերության հաստատման հուշագրերի ստորագրման կարևորությունը: