ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտում հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու հարստացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի շրջանակում իր ստանձնած հանձնառությանը և պատրաստ է այդ ուղղությամբ ակտիվացնել համագործակցությունը:
Դեսպան Անն Լույոն ներկայացրել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի ուսուցման խորացմանը և ծրագրի ընդլայնմանը, ինչը կնպաստի դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Որպես հաջողված մոդել՝ դեսպանը նշել է Երևանի թիվ 119 ավագ դպրոցի օրինակը՝ ընդգծելով, որ այդ դպրոցի աշակերտների հետ նրան հաջողվել է ազատ շփվել ֆրանսերենով: Այդ նպատակով նա առաջարկել է նմանօրինակ ծրագրեր իրականացնել և ֆրանսերենի ուսուցման մակարդակը բարձրացնել նաև ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում: Դեսպանը մատնանշել է նաև այդպիսի ծրագրի իրականացումը Կապան քաղաքում՝ շեշտելով Սյունիքի մարզի և ֆրանսիական Լիոնի միջև համագործակցության հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը: Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը և փաստել, որ այն լավագույնս նպաստում է հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը: Երկուստեք կարևորվել է մեր երկրում այդ համալսարանի գործունեության զարգացումը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործունեությանը՝ ընդգծելով, որ այն նոր որակ կհաղորդի կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցությանը։ Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել երիտասարդ դասավանդողների՝ ֆրանսերենի ուսուցիչներին աջակցելու նպատակով: Դեսպանի խոսքով՝ այդ գործընթացին կաջակցի Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը: Նա նաև հավելել է, որ ինստիտուտը կիրականացնի ֆրանսերենի ուսուցման և լեզվի քննության գործընթաց՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով:
Հանդիպմանը քննարկվել է նաև «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը, որով Ֆրանսիան աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը: Նշվել է, որ ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է կրթությանը և վերապատրաստմանը, իսկ երկրորդ ճյուղը՝ Տաթևի Մեծ անապատ վանքային համալիրի վերականգնմանը: Երկու բաղադրիչում էլ ներգրավված է Ժառանգության ազգային ինստիտուտը: Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին: Շեշտվել է, որ այդ ծրագիրը կարող է որպես մոդել ծառայել նաև այլ ուղղություններով համագործակցության համար:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: