Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի քննարկումների արդյունքներով ընդունվել է բանաձև, որի տեքստը հրապարակվել է արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով: Բանաձևն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար:

Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևում մասնավորապես նշվում է.

«Համատեղ քննարկումներից հետո խորհրդաժողովն արձանագրում է.

  1. Արցախի Հանրապետությունում կրթության և գիտության առկա վիճակը և հիմնախնդիրները,
  2. որոշ երկրներում հայեցի կրթության կազմակերպման համար ոչ բարենպաստ քաղաքական-իրավական պայմանների առկայությունը,
  3. Սփյուռքում կրթության կազմակերպման և դասավանդման հիմնախնդիրները, մասնավորապես՝
  • հայագիտական և հայրենագիտական առարկաների միասնական կրթական քաղաքականության, մեկօրյա և ամենօրյա դպրոցների համար ուսումնամեթոդական համալիրի (կրթական-առարկայական ընդհանուր չափորոշիչներ, ուսումնական ծրագրեր, դասագրքեր, ուսումնաօժանդակ նյութեր) բացակայությունը,
  • հայագիտական, հայրենագիտական, ինչպես նաև հայերենով դասավանդվող հանրակրթական այլ առարկաների մանկավարժական կադրերի պակասը,
  • համագործակցության և հաղորդակցության, փորձի և կրթական նյութերի փոխանակման միասնական, մշտապես ակտիվ հարթակի զարգացման անհրաժեշտություն:

Ելնելով վերոնշյալից՝ խորհրդաժողովն անհրաժեշտ է համարում.

  1. հետամուտ լինել հայրենաճանաչությանը, հայկական ինքնության պահպանմանը, հայ դպրոցի և Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի զորացմանը, ազգային, հոգևոր, բարոյական և արժանապատիվ նկարագրով հայի կրթությանն ու դաստիարակությանը,
  2. մշակել հայոց լեզվի և հայ գրականության, հայոց պատմության, հայրենագիտության, հայ մշակույթի և Հայոց եկեղեցու պատմության կրթական չափորոշիչներ՝ Սփյուռքում առկա կրթական ներուժի օգտագործմամբ և տեղական կարիքների հաշվառմամբ,
  3. մշակել և իրականացնել Սփյուռքի համայնքների կարիքներին ուղղված հեռավար ձևաչափով կրթության կազմակերպման ծրագրեր (սկզբնական շրջանում առանձին կրթական ծրագրերի, մոդուլների տեսքով),
  4. օգտագործել արտաքին քաղաքականության միջոցները՝ ի նպաստ հայեցի կրթության ընդլայնման և բովանդակային զարգացման,
  5. նպաստել արևմտահայերենի պահպանմանը և խրախուսել դրա գործածությունը։

Այս տեսլականն իրագործելու նպատակով անհրաժեշտ է.

  1. շարունակել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համահայկական ծրագրերի իրագործումը,
  2. հետամուտ լինել Հայաստանում արևմտահայերենի ուսուցիչների պատրաստման մագիստրոսական կրթական ծրագրի մշակմանն ու իրագործմանը,
  3. ավելացնել հայալեզու ամենօրյա դպրոցների համար ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական առարկաների ուսուցիչներ պատրաստող կրթական ծրագրերով պետպատվերով ընդունելության տեղերի թվաքանակը՝ ապահովելով շրջանավարտների մրցունակությունը իրենց երկրների կրթական համակարգում,
  4. մանկավարժամեթոդական աջակցություն ցուցաբերել Սփյուռքի կրթօջախներին կիրառվող ուսումնական համալիրի բարելավման ուղղությամբ,
  5. ստեղծել Սփյուռքում մանկավարժների և աշակերտների՝ հայերենի իմացության աստիճանի որակավորման մեխանիզմներ՝ տրամադրելով պետական հավաստագիր,
  6. Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ սովորողների մասնագիտական և ազգային-մշակութային ուղղվածությամբ ամառային դպրոցներ, ճամբարներ, օլիմպիադաներ, շրջայցեր,
  7. մշակել և իրականացնել սփյուռքահայ կրթական հաստատությունների ուսուցիչների, ծնողական համայնքի մանկավարժահոգեբանական աջակցության ծրագրեր,
  8. հետամուտ լինել այլ պետություններում գործածվող այլալեզու դասագրքերում և ուսումնական ձեռնարկներում Հայաստանի և հայերի մասին նյութերի և տեղեկատվության պատշաճ ներկայացմանը,
  9. նպաստել օտարերկրյա համալսարաններում և գիտական կենտրոններում հայագիտության զարգացմանը»:

Նշենք, որ Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2022 թ. օգոստոսի 16-21-ին Աղվերանում: Խորհրդաժողովը միավորել էր Սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչներին՝ բարձրաձայնելու կրթական ոլորտում հայապահպանության արդի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Խորհրդաժողովին մասնակցել են աշխարհի 21 երկրների հայկական կրթական կառույցների, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթության ոլորտի շուրջ 100 ներկայացուցիչներ, անցկացվել են 8 լիագումար և մասնախմբերի 11 նիստեր:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները, արևմտահայերենի պահպանման ուղղությամբ կատարվող գիտական աշխատանքները, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի գործունեությունը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի, «Էդիթ Պրինտ» հրատարակչության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Սփյուռքի համար իրականացվող ծրագրերը։