Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվելիք «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին:

Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես կգա թեմատիկ նիստում, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկեր նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կազմակերպվելիք կլոր սեղան քննարկումներին:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ հետևյալ թեմաներով.

  • «Կրթություն հանուն կայուն զարգացման» եզրույթի ինտեգրումը երկրի քաղաքականության համատեքստում,
  • Թվային կրթությունը որպես «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրին աջակցող գործիք,
  • Խոչընդոտներ, որոնց հանդիպում են երկրները «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարությունն իրականացնելիս,
  • Մարտահրավերներ՝ կապված ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ռազմավարության իրականացման նոր շրջանակի հետ,
  • Շրջակա միջավայրը համաեվրոպական տարածաշրջանում. տեսլականները 2030 թվականին և դրանից հետո,
  • Որակյալ կրթություն և կրթություն հանուն կայուն զարգացման,
  • «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրում երիտասարդության ներգրավվածության բարձրացումը: